Ողջույն, սիրելի բարեկամ: Պատիվ ու հաճույք է քո հյուրը լինելու այս հնարավորությունը, որի համար շնորհակալ եմ համակարգչից: Ինձ առիթ է տրված մենախոսել հետդ, բացել իմ հոգին, որ իհարկե շատ ավելի հեշտ կլիներ, եթե նստած լինեինք իրար դիմաց, կարողանայինք նայել իրար աչքերի մեջ: Բայց մարդու միտքը հրաշագործ մի հատկություն ունի՝ երևակայություն, որ մեկ վայրկյանում կարող է հնարավոր դարձնել նույնիսկ անհնարին թվացողը:
Ուրեմն, եկ մտովի պատկերացնենք, թե նստած եմ քո տանը, թե միասին վայելում ենք անուշաբույր սուրճ կամ թեյ, և, քանի որ հյուրը ես եմ, դու տանտիրոջ նրբանկատությամբ երբեք չես ընդհատում ինձ, թույլ ես տալիս, որ ես խոսեմ ու խոսեմ … Բայց դու հարցեր ունես, դրանք կարդում եմ՝ նայելով քո աչքերին: Մարդու աչքե՜րը… հոգու պատուհանները… Ես սիրով ու հաճույքով կպատասխանեմ քո բոլոր հարցերին, կպատասխանեմ իմ բանաստեղծությունների միջոցով, ու դու կճանաչես ինձ: