Իմ տառապանքը սկիզբ է առնում այս քառակուսում,
միայն ինձ ծանոթ փոքրիկ աշխարհում այս զարմանալի,
ուր քառակուսի այլ գոյություններ օրերս են հյուսում՝
պարզ պատմությունս հասկանալի և անհասկանալի։
Ամեն առավոտ լույսը չբացված աչքերս եմ բացում,
որ կլոր են դեռ, ոչ քառակուսի բարեբախտաբար,
քանզի իմ հոգու պատուհաններն են և ոչ թե այս տան,
ձեռքս երկարում, մեկ քառակուսով բերանն եմ բացում
մյուս քառակուսու, և քառակուսի իմ մահճակալի
քառակուսի մեծ բարձերին հանգչող բարեբախտաբար
ոչ քառակուսի, մտքերս լավ են պտտվում քանզի,
գլխիս են լցվում աշխարհի բոլոր, բոլոր ծայրերից
ահ ու սարսափի լուրերը անգութ սուրերի նման,
խոցում են սիրտս, որ ձևը կորցրել բազում վերքերից,
բայց քառախոռոչ աշխատում է դեռ, արյուն է մղում,
մարմինս ջրում, որ չչորանա, ուղեղս է սնում՝
քիչ էլ դիմանա, դռները հուսո բացվե՜ն երևի,
որ առնեմ ծառըս, կոտըրված ծառըս ճյուղ ու տերևի,
իր արմատների կարոտը լացող ծառըս տուն տանեմ,
քանի կլոր են աչք ու գլուխս, առաջինը թաց,
այս քառակուսի ու քար աշխարհից մյուսը՝ խենթացած։
Իմ տառապանքը շարունակվում է այս քառակուսում,
ուր քառակուսի այլ գոյություններ օրերս են հյուսում։
Այս քառակուսի աթոռին նստած, այս քառակուսի
էլեկտրոնային հաշվիչ մեքենան այս քառակուսի
սեղանին դրած, այս քառակուսի տան լռության մեջ
ես քառակուսի մեքենայի հետ խոսում եմ անվերջ,
որ չխենթանամ այս քառակուսի, այս բութ աշխարհից։
Ազատություն եմ տալիս արցունքիս, որ քառակուսի
կիտվել-խցանվել, փակել է դուռը սրտիս ու աչքիս,
ազատություն եմ տալիս հույզերիս, մտորումներիս,
և քառակուսին, բոլոր ձևերից միակն աշխարհում,
որ լռել գիտե մարդուց առավել, լսում-հասկանում
և գրանցում է բարեբախտաբար ոչ քառակուսի
խոստովանանքս իր քառակուսի հիշողության մեջ,
ուր տառապանքը փոխակերպվում է լուսեղեն տաղի,
և ամեն տողից առկայծում են լուռ աստղերի նման
երազներս բյուր, խոհերս մաքուր, սերերս վառման,
թևին են տալիս հավքերի նման կարոտներ անհուն,
հրաշք թռչունը տեղափոխում է ինձ հայրենի տուն՝
հարազատ անկյուն, թիկնած հարազատ լեռների ուսին՝
Նաիրի կոչվող երկիրը հայոց, ի՜մ քառակուսին։
04-25-03