ԿՅԱՆՔԸ՝ ԻՆՉՊԵՍ ԿԱ

 

 

Մարդու բնույթն է՝ հաշտվել չի սիրում։ Ոչինչ չգտնի,
ինչպես ասում են՝ իր շվաքի հետ կռիվ կմտնի։
Նախասիրության խնդիր է անշուշտ և ոչ շահեկան,
կյանքը՝ ինչպես կա ճիշտ ընկալելու հարցն է էական։

Ի՞նչ է մեկ կյանքը. դույզն գոյություն ու վայրկենական
ներկայություն չէ՞ տիեզերքի մեջ մշտնջենական։
Եվ ի՞նչ ենք անում, վայելու՞մ ենք։ Ո՜չ։ Վայում անհեթեթ՝
կռվում ենք անգին ժամանակավոր Ժամանակի հետ։

Աշխարհի բեմում մարդկային կյանքը՝ աղքատ կամ հարուստ,
երեք պատկերով թատերգություն է գրված ի վերուստ՝
մեկ ներկայացում անճար կամ հանճար մեկ դերասանի,
և ո՜վ է մարդը, որ Տիրոջ կամքն ու գործը սասանի։

Իսկապես, ո՞վ է։ Երկու երազի ու երեք հուշի
արարողը չէ՞ այս հողի վրա՝ թանկագին փոշի
կամ պարարտանյութ դառնալուց առաջ նույն այդ հողի տակ,
ուր ոչ կռի՛վ կա, ոչ երա՛զ, ոչ հու՛շ – չկա՜ ժամանակ…

Իսկ յոթ ոտք վերև կա հուշատախտակ մի քառակուսի,
անուն-ազգանուն, երկու թվական՝ տըված ուս-ուսի,
երկու թվի մեջ սեղմըված անցած մի լու՜ռ պատմություն,
ապրըված կյանքի երկու տողանոց մի վկայություն։
07-12-2002