ՃԱՄՓԱԲԱԺԱՆԻ ՀԵՔԻԱԹԸ

 

 

Նույն ճամփի վրա երկու ուղևոր՝
մեկը՝ սևաբաշ, մյուսը՝ ալևոր,
մեկը՝ ոսկեթամբ վարգող երիվար,
մյուսը՝ ծեր նժույգ վաղուց ուժասպառ,
կանգ առան մի պահ։ Պե՜տք է կանգնեին։

Երկճյուղ էր դառնում ճանապարհը նեղ՝
մեկը դեպի ձախ, մյուսը դեպի աջ։
Որոշել էր պետք՝ այստե՞ղ, թե՞ այնտեղ,
ե՞տ դառնալ արդյոք, թե՞ գնալ առաջ,
միասի՞ն գնալ, թե՞ առանձնանալ։

Ի՜նչ երկար էին միատեղ քայլել
նույն ճանապարհով։ Քանի՜ տասնամյակ։
Մերթ արեգակն էր գլխից վեր փայլել,
մերթ ձյուն, անձրև կամ ցեխ էր ոտքի տակ։
Հեշտ էր, թե դժվար՝ չէին բաժանվել։

Նստեցին քարին՝ հենց ճանապարհին,
ճամփաբաժանին նայեցին երկար,
հետո հասկացան անխուսափելին,
նայեցին իրար, հաշտվեցին անճար՝
զի ոչ առաջին, ոչ վերջինն էին։

Ալևորը լուռ խորհեց ինքն իրեն,
հիշեց իր հորը ու որդուն դարձավ,
երկար չխոսեց, հոգնած էր արդեն,
ասաց՝ քո կարգն է, իմն ահա անցավ։
Աստված պահապան, գնա քո ճամփան։

Հիշե՜ց։ Նույն քարին տարիներ առաջ
իր հայրն էր նստած կորացած ու ծեր,
ինքը վազում էր կյանքին ընդառաջ,
հայրը քայլելն էր վաղու՜ց մոռացել…
Օրհնանքը տվեց, ճանապարհ դրեց։

Երիտասարդն էլ խորհում էր մտքում,
ինչու՞ է աշխարհն այսպես կառուցված,
հայրերը քիչ-քիչ գահերից իջնում,
գահ եմ բարձրանում որդիքը նրանց,
օտարացու՞մ է, թե՞ կերպն է կենաց…

Հայրը, ծեր թեև, բայց միտքը արթուն,
հասկացավ անփորձ երիտասարդին,
դարձավ ու ասաց տագնապած որդուն՝
կյանքի ուղին է՝ միշտ նոր և միշտ հին,
նույն ճամփով կանցնի նաև քո որդին։

Եվ պատմությունն է միշտ հին ու միշտ նոր,
թե պիտի հասնեն անպայման մի օր
նույն ճամփով քայլող երկու ուղևոր,
մեկը՝ հոգնաբեկ, մյուսը՝ հաղթական,
ճամփաբաժանին ճակատագրական։

Թող միշտ միասի՜ն՝ անբաժանելի,
քայլեն ու հասնեն անխուսափելի
ուղևորության այս հանգրվանին,
այս անկասելի ճամփաբաժանին
հայրե՜ր բազմափորձ, որդինե՜ր անփորձ…

Ծերն իր գահը տա երիտասարդին,
կյանքի շքերթը ընդունի որդին,
որ նորոգ պահեն կրկին ու կրկին
դարերից եկող ավանդույթն անգին
հին ճամփով անցնող նոր հայրն ու որդին…
07-20-05