44 ՏՈՂ – 365 ՑԱՎ

 

 

Ես հոգնեցի այս ճոռոմ ճառերից՝ դատարկ, անտաղանդ,
հոգնեցի և այն մեղր ու շաքարով պատած երգերից,
երբ մատուցվում է կոտրած ապակին իբրև ադամանդ,
խազում, ճանկռտում, արյուն է բերում սրտի վերքերից։

Սոխակ ձևացող սիրահարների երգը պարզունակ՝
ճնճղուկային այն ծլվլոցն անմիտ սիրտըս չի գերում,
սիրում եմ կյանքը, պաշտում եմ սերը, սակայն շարունակ
տառապանքի բյուր ուղիներում է միտքըս դեգերում։

Դրա համար էլ երգերս հաճախ զրույց են միայն՝
հոգուս զրույցը տառապած բազում հոգիների հետ,
անցած, գնացած հիշողություններ այս մասին ու այն,
հուշե՜ր, ի՜նչ հուշեր թանկագին-անգին, անմոռաց հավետ։

Հիշու՞մ ես այն հին «Սեղանի երգ»-ը ջահել օրերի,
երբ խըրախճանքի սեղանն էր առատ, դիմացն Արարատ,
հիշու՞մ ես կարմիր, ա՜յն կարմիր գինին՝ անունն Արենի,
արևահամ ու անուշ խաղողի ոգին անաղարտ։

Չե՜ս հիշում։ Իսկ ես՝ հիշում-թշշում եմ, սակայն չեմ կարող,
իրավու՜նք չունեմ այսօր այն երգն ու գինին ըմբոշխնել,
քանզի իմ դիմաց չկա Արարատ կարոտս մարող,
կրակըս վառող կարմիր Արենին չեմ կարղ խմել։

Այն անուշ երգից՝ սեղանն էր առատ, առատը մնաց,
սեղանը այսօր այնքա՜ն է առատ, արա՛տ է դարձել՝
լափում-լափլըփում, լայնքին ենք տալիս և ինքնամոռաց
չենք էլ ամաչում սուրբ բարիքներով աղբակույտ բարձել։

Հարբած՝ սեղանից, արբած՝ մեզանով, պահը համեմում,
խոսում-ճառում ենք՝ սե՜ր, երջանկությու՜ն, բարեկա՜մ, ընկե՜ր…
ընկերը դավում ու բարեկամը չար է կամենում,
սերը սառել է, երջանկությունը՝ կրակն է ընկել։

Երբ Տերը մեկին պատժել է ուզում, խելքն է փլուզում,
զի մնացածը մարդ ինքը կանի որևէ ձևով,
խելքներըս կորցրած չհասկացանք էլ ինչ էինք ուզում,
ազատության նոր բանտերը ընկանք ողջ ազգ ու ցեղով։

Ազատության ի՞նչ երազանքով էր մեր սիրտը արբած,
երբ ցորենի տեղ որո՜մը աճեց մեր հոգիներում,
երբ մեր հարազատ հայրենի հողն ու դաշտերը թողած,
հույսի սերմերը տարանք-ցանեցինք օտար հողերում:

Ապրում ենք այսպես՝ հարցե՜ր ենք տալիս շվարած, մոլոր,
բընածին խուլ է արդարությունը, ոչինչ չի լսում,
պատասխան չկա ո՛չ քառակուսի ու ո՛չ էլ կլոր,
և ամեն մեկը խցանված է իր հոգու ակոսում:

Ա՜յ, սրա համար երգերս հաճախ զրույց են միայն՝
հոգուս զրույցը տառապած բազում հոգիների հետ,
անցած, գնացած հիշողություններ այս մասին ու այն,
հուշե՜ր, ի՜նչ հուշեր թանկագին-անգին, անմոռաց հավետ…
04-30-03