Կարծիքներ

 

 

Եսթեր Բաստրմաջյանը, որ միշտ ներկա էր մեր երեկոներուն, կը նստեր վերջին կարգի աթոռներեն մեկուն վրա և մունջ ու լուրջ կը լսեր միայն։ Գիտեի, որ գրականագետ էր և ալ փորձառու մեկը, որուն դեմքին լուրջ գիծերը տպավորած էին զիս: Ուրկե՞ գիտնայի, թե «Ասպարեզ» թերթին գրական էջերուն մեջ վերջին տարիներս հայտնված նոր անունը՝ Էսթեր Դավիթյանը, որուն նկարը երբեք չէր դրվիր իր գործերուն քովը, ուրեմն դեմքը ծանոթ չէր տակավին, սակայն բանաստեղծությունները շատերու ուշադրությունը գրաված էին իրենց՝ աշխարհին, մարդկությանը հղված ջերմ սիրով ու խորունկ վերլուծություններով, նույն մեր Եսթեր Բաստրմաջյանն էր: Այսինքն՝ ան ոչ միայն իր ժպիտը, իր անու՜նն ալ թաքցուցած էր մեզմե երկար ժամանակ: Էսթերը այսօր դուրս կուգա իր քառակուսիեն: Այսինքն՝ մենք պիտի ըմբոշխնենք իր բանաստեղծությունները. բայց նախ կուզեմ ըսել, որ անոնք կը ծնին արվեստի սրահներու մեջ պտույտի պահին՝ դահլիճի կտավներուն ու արձաններուն քովը ունեցած խոհերեն, այգիներու մեջ՝ բնության հետ ունեցած իր զրույցներեն, իր տան չորս պատերուն մեջ՝ ներաշխարհին հոգեկան խռովքներեն… Սակայն, ինչ ալ ծնվի, արվեստին լույսը կը բերե իր հետ…
Արձակագիր Պողոս Գուբելյան

«…Յուրաքանչյուր քնարերգություն հոգեվիճակի արտահայտում է…»։ Հենրի Բերգսոնի այս ձևակերպումը միանգամայն տարածվում է Էսթեր Դավիթյանի բանաստեղծական եսի սահմաններում։ Օրվա անցուդարձերի միջով նա երգի հունդը տանում է դեպի իր մենակության և հույսի թվացյալ անկյունը, կիսվում ու միանում է նրա հետ, ապա շտապում է դեպի անքնության իր սեղանը՝ դեպի իր ներաշխարհի կիզակետը, որտեղ չկա արդեն ո՛չ առօրյա, ո՛չ մենակություն, որտեղ հար ներկա է հույսը և երգի հետ առնչվելու վերին արարողությունը, ու միայն այն բանի համար, որպեսզի երազների վրա երբեք չիջնի մոռացման փոշին…Ինձ համար յուրաքանչյուր նոր գիրք նախ մի գաղտնարան է, գաղտնաշշուկ մի անձավ, ուր հեղինակը “Սեզամ բացվիր”-ի խորին խորհրդով ի պահ է տվել իր ապրած ու չապրած օրերը, հույսերն ու հուսախաբությունները, փշրված պատրանքները, երազի մոխիրները, որոնք ամեն վայրկյան կարող են հառնել փյունիկվող ելևէջումով… Մեկ խոսքով՝ հոգու բաց նամակ է, որտեղ հեղինակը, Աստծուց իրեն տրվածի չափով, իր սրտի և հոգու մենաշնորհով ու հանգերգով՝ բարձրաձայն մենախոսում է իր հոգևոր ոլորտներից:
Էսթեր Դավիթյանի բանաստեղծությունների «Քառակուսուց դուրս» ժողովածուն պատկանում է նման գրքերի շարքին։ Կարդացեք գիրքը։ Կարդացեք առանց նախապաշարման։ Կարդացեք բարիությամբ: Այս գիրքը ձեզ լիուլի կփոխհատուցի իր կենսական թրթիռներով ու սիրով։
Բանաստեղծ Վազգեն Վանատուր

Պոեզիան բնորոշող շատ ձևակերպումներ կան. վերցնենք մեկը՝ հնագույնը և ամենապարզը։ Ըստ Արիստոտելի, ընդօրինակողը մնում է ինքն իր հետ, չփոխելով իր դեմքը։ Էսթերի բանաստեղծությունները լիովին համապատասխանում են այս ձևակերպմանը։ Նրա բոլոր գործերում իրականությունը գնում է դեպի ներաշխարհ, որտեղ նա մնում է ինքն իր հետ և ապա ասում է իր անկեղծ խոսքը, չփոխելով իր դեմքը։ Եվ սրա համար մե՜ծ խիզախություն է պետք։
Էսթեր Դավիթյանի և՛ առաջին, և՛ այս՝ «Երջանկությունը իմ տանն է ապրում» խորագրով երկրորդ գրքում ակնհայտ է շարադրանքի անկաշկանդվածությունը։ Բացահայտորեն, երբ դրանք կարդում ես, կարդում ես մեծ թեթևությամբ… Արվեստի երկի առաջին պահանջն է՝«գործը պիտի ուտվի»: Ու երբ հանդիպում ես այդպիսի երևույթի, ուզում ես կարդալ ու կարդալ, այսինքն՝ երկարել վայելքը։
Ասվածին պետք է գումարել նաև նրա մյուս ու հիմնական գիծը՝ Էսթերի կապը շրջապատող աշխարհի հետ։ Երբ նա խոսում է ծառի, քարի, այսինքն՝ բնության հետ, ճիշտ ինչպես հեքիաթներում, ծառը, քարը խոսել են սկսում։ Ստեղծագործությունը հենց սա է երևի, երբ աշխարհը խոսում է քո հետ, և դու երկխոսության մեջ ես մտնում այդ աշխարհի հետ։
Անշուշտ շատ կարևոր է տաղաչափության իմացությունը, որին Էսթեր Դավիթյանը տիրապետում է հիմնովին։ Եվ Մանուկ Աբեղյանի «Տաղաչափությունը» պատրաստելն արդեն ինքնին նշանակում է, թե նա գործին տեղյակ է, այն էլ՝ խորքից, որը և ազատորեն կիրառում է ստեղծագործելիս:
-Գրականագետ Ստեփան Թոփչյան

Բանաստեղծությունը ամենօրյա հաց ու ջուր չէ. բանաստեղծությունը այն հացն է, որը դեռ հողում ննջող հատիկի մեջ է: Ու եթե կարողացար խոսեցնել այդ եզակի հատիկը, սերմը, լսելի կդառնա նոր ու թարմ մեղեդին: Էսթեր Դավիթյանի բանաստեղծությունները գալիս են հաստատելու ասվածը: Նրա տողն ու բառը ապրված խոհերի ու զգացումների արդյունք են, ճշմարտության որոնում: Իսկ դա ելակետ է ինքնաբուխ խոսքի ծավալման համար: Կա ասելիք, կարևոր ասելիք, որ համախոհության դուռ է բաց անում ընթերցողի առաջ: Էսթերի պոեզիան հետևում է ներդաշնակության խորհրդին, դառնում է խոհ ու երգ, եռամիասնության ատաղձ: Նրա բանաստեղծությունները վկայում են այն ճշմարտությունը, որ բանաստեղծը յոթը շապիկ է փոխել՝ հասնելու համար համընդհանուր, բոլորին հուզող մի շարք էական խնդիրներ գեղագիտական մակարդակներ փոխանցելու համար: Սիրելի Էսթեր, շնորհավորում եմ քո պոետական հաստատուն մուտքը և մաղթում եմ նորանոր ստեղծագործական ծնունդներ:
Բանաստեղծ Գևորգ Քրիստինյան

Էսթեր Դավիթյանը ուշ մտավ գրականության դարպասեն ներս, և մուտքը եղավ հաստատուն քայլերով։ Իր մեջ ամբարված տարիներու հույզերը, փորձառության քուրայեն անցնելով, պիտի արտաբերվեին ի վերջո, մանավանդ՝ ներկայանային գեղարվեստական հանդերձանքով՝ փայլուն ու շքեղ։ Էսթերը չի նմանիր որևէ մեկուն։ Ինքնուրույն ձայն ու ինքնուրույն ըսելիք և ներկայացնելու յուրահատուկ ոճ ունի։
Իր փորձառության քուրայեն անցած բանաստեղծություններու հավաքածու մըն է թեպետ, մարդ կը տարվի ինքզինքը տեղավորելու այնտեղ, անդրադառնալով, որ սա միայն Էսթեր Դավիթյանի կյանքը չէ, այլ նաև իրը։ Այլ խոսքով՝ անձնականեն ընդհանրականը անցած և այնքան ճարտարորեն կարողացած է իրը վերածել նաև ուրիշինը, որովհետև իր բոլոր բանաստեղծություններուն ալ ակունքը սիրտը և հոն կազմավորվող զգացումներն են, որ սիրտեն կանցնին միտքին, հետո մտածումին և ուղեղին, ապա կը փոխանցվին ընթերցողին՝ շարունակվելու համար։
Մենք կը գտնվինք լուրջ ու տաղանդավոր բանաստեղծի մը դեմ հանդիման, որ ժամանակակից է, որ հագեցած է արդիական շունչով և ըմբռնումով, որ հայ բանաստեղծության կալվածեն ներս բավական նորություն կը բերե ինչպես նախորդ երկու, նմանապես այս՝ «Ապրել ինչպես ծառ» երրորդ հատորով և ալ դեռ պիտի շարունակե բերել, որովհետև Էսթերը դեռ կը շարունակե ստեղծագործել, նոր բանաստեղծություններ գրել նոր հատորի մը համար։ Ուրեմն, սպասենք այդ նոր գործերուն։
-Պրոֆեսոր Օշին Քեշիշյան

Ստույգ չգիտեմ, կարծում եմ, թե բանաստեղծուհին եթե նկարչուհի չէ, բայց անշուշտ նկարել գիտի և, երևի, հենց դրանից է, որ նկարչի ու բանաստեղծի երկունքածին նկարներ են ինքնին տողամեջ մտած ու բառակապակցություններով զգեստավորված նրա մտքերը… Մտքե՜ր… Աստված գիտի, թե քանի-քանի տեսակավոր երազանքներ… Էսթեր-բանաստեղծուհին իր ներշնչումներով և՛ իրեն է ապրեցնում, և՛ մարդու առաջ մանուշակագույն մաքրություն է փռում… Եվ հիմա էլ ծաղկավաճա՜ռ է դառնում… բայց իհարկե ո՛չ թե փողի դիմաց ծաղիկ մատուցելով: Ո՛չ: Բանաստեղծուհին մի նոր ձևում ու մի նոր խոսքով է դառնում ծաղկավաճառ, որ միայն ու միայն ծաղիկներ նվիրի բոլոր նրանց, որոնք ինչ-ինչ ծանրություններ են շալակել և իրենք իրենցից խռով են ճամփա անցնում… Ու նրանց, իսկապես այդպիսինների ցավը կիսել չկարողացողի տառապանք է նկարում, որպեսզի իր հետ ու իր նման մարդիկ փոքր-ինչ զգուշանան…
-Արձակագիր Ջանիբեկ Ջանիբեկյան

Դուրս եկա իմ քաոակուսուց ու փորձեցի շրջել քո աշխարհում, որտեղ վաթսուն-չորս այլ քաոակուսիներ կային: Այդ դաշտերում ազատորեն վարգում էր քո նժույգ ձին ու իրար հետևից հաղթանակներ տանում, չկորցնելով և ոչ մի զինվոր, որտեղ Պեգասը թամբած թագուհին ամեն րոպե նազանքով կարող է գայթել ու թվացյալ որակի անսպասելի զոհաբերումով շահել ապրումի մարգարտաշար ապարանջաններ, գտնել Ոսկե Բանալին ու գրավել Բանաստեղծության ամրոցը: Շրջեցի՝ քո ստեղծագործական տվայտանքի անփոխարինելի պահերն ըմբոշխնելով, երբ չես զգում ջանքը ստեղծողի, երբ բանաստեղծությունը կառուցիկ է ու անձեռակերտ՝ առաջին անգամ սիրահարված կույսի մարմնի նման, երբ հրաշք տեսիլքը չի ուզում իր տեղը զիջել նույնքան հրաշալի ապրումին և հակաոակը: Ամենուր պատկերների շլացուցիչ հրավառություն է, երբ մոտալուտ հրդեհի զգացողությունից շառագունում ես և արագանում են սրտիդ զարկերը: Այդ մարգագետիններում գիշերները խորհուրդ ունեն և լույսնալույսի գոյությունը պայմանավորված է երկնքի խորին անսահմանությամբ, ուր առավոտները արթնանում են ծնծղանների ձայնից, ուր այգաբացի ցողով պատված ձնծաղկի բույրից ամեն առավոտ խելագարվում են ծղրիդները: Եվ ամեն քարի ու թփի տակ տեսա քեզ, զրուցեցինք քառակուսու օրենքներից դուրս կառուցված քո կացարանում, լսեցի անվախ խոստովանություններդ, շրջեցի Վերգիլիոսի նման քո ուղեկցությամբ քո մոլորակում, և ամենուրեք՝ երկնքի ու երկրի վրա Բանաստեղծության քնքուշ համբույրն էր՝ դաջված կնոջ շուրթերով: Հիացմունքս Էսթեր…հիացմունքս…
-Գեղանկարիչ, բանաստեղծ Սամվել Սեվադա

Հակիրճ, հատու, պիրկ, պարզ ու բռնկուն է Էսթեր Դավիթյանի խոսքը: Լավերից մեկն այն է, որ մոռացվում է հեղինակի սեռն անգամ. Դա թիվ մեկ հաջողությունն է: Էսթերը հեռու է տեղքայլի նվնվոցից, երկնչելը նույնպես խորթ է նրա ոգուն: Էսթերի համարձակությունը թափ է տալիս չափածո խոսքին, որն իր հերթին թավագլոր հասնում է ընթերցողին անմասն կորուստով ու լիովին որդեգրվում վերջինիս կողմից: Արցունք ու ծիծաղ կիսող բանաստեղծուհին չի խաբում իր միակ բարեկամին՝ ընթերցողին, երբ, նրա համար կրկնակի տառապելով, զտում , թղթին է փոխանցում իր զգացումներն ու խոհերը: Բանաստեղծուհու գործերն ասում են, որ նա գաղափար ունի նաև դրամատիզմից, քանի որ դրամատուրգիական երկխոսության էլ ենք հանդիպում: Ուրեմն հեղինակի մատը ժամանակի ու տարածության վրա է նաև: Կուզենայինք ապագայում կարդալ Էսթերի պիեսը: Հէտաքրքիր է, թե նա՞ ինչ կարծիքի է այդ մասին: Սա միջանկյալ մի առաջարկ է: Մնացյալը բանաստեղծականության մագնիսական դաշտի առկայությունն է, որը կարողանում է կենտրոնում պահել ընթերցողին:
-Բանաստեղծ, դրամատուրգ, բեմադրիչ Գարուշ Հարյանց

Էսթեր ջան, մէկ շունչով կարդացի քո բանաստեղծական նուրբ տողերը, ուրախացայ… Գրել ես՝ «…Մեկ ափ տիեզերք…»: Այո՛, ափ մը ներշնչանք, ափ մը միտք եւ ափ մը զգացմունք ափ մը մարմնից՝ անընդհատ հոսում է մաքրամաքուր ջուրի մը նման քո տիեզերական գրիչով… Չգիտեմ ինչպե՞ս արտայայտուիմ, կարծես բնաշխարհը եւ մարդաշխարհը՝ Էսթեր Դավիթեանի իւրայատուկ ձեռագրով գրեցին ինձ շատ հարազատ «Ապրել ինչպես ծառ» զարմանալի այս գիրքը: Էսթեր ջան, շնորհակալ եմ շա՜տ, շա՜տ…
-ԽՀ Վաստակավոր արտիստ Աննա Նշանյան

Սիրելի Էսթեր, հաճելի անակնկալ էր, երբ բարեկամդ հեռաձայնեց ինծի տեղեկացնելու, թէ բանաստեղծություններու գիրք ես հրապարակեր: Նոյն օրն իսկ գացի իր քովը եւ ստացայ մակագրուած օրինակը, զորս ազնիւ գտնուեցար ղրկելու: Մէկ-երկու կտոր կարդալով, ընթերցողը արդէն կը համոզուի, թէ զգայուն սիրտի, ներանձնական հոգու տէր մէկն է գրողը: Այս հատորը կարեւոր ներդրում մըն է մեր դպրութեան գանձարանէն ներս. Յոյսով եմ որ ընթերցողներու լայն շրջանակին կը հասնի:
-Թարգմանիչ Արիս Սևակ

Աշխարհճանաչողության իր փնտրումների քառուղիներում Էսթեր Դավիթյանը մտածող է, կշռադատող ու եզրակացնող՝ իրագործման իր թռիչքը շարունակելու մտասևեռ նպատակայնությամբ: Կյանքի մեջ փնտրում է բավարարող արդարություն, որի լծակներն են հավատն ու խիղճը: Նրա հեղինակային անհատականությունը այսպիսով է հասնում ազնվության, արտացոլվելով նրա բանաստեղծություններում: Էսթերի մտածումները աղբյուրավորվում են հողեղենի իր բանականությունից, իսկ զգացումները՝ կյանքի ու աշխարհի լավն ու չարը զանազանելու բնազդից, որ ներծին է և ինքնեկ, մշակված ու հասցված ապրելակերպային ոճի, գիտակցված վարք ու բարքի: Էսթերի բանաստեղծությունների բնույթը կյանքի հետ նրա փոխհարաբերությունն է. Այդ հողի վրա է նա արտացոլում աշխարհը, ժամանակը, մարդուն:
-Բանաստեղծ Գրիշ Դավթյան

Հարգելի Էսթեր, արժանի դուստր հայոց լեռների, գիրքդ ինձ հնարավորություն տվեց ծանոթանալու մի երևելի հայի հետ, որն ինձ ուրախացրեց մի քանի իմաստով: Նախ՝ նոր գրողի եմ հանդիպում, երկրորդ՝ գրում է գլոբալ (բոլոր ժամանակների առումով), երրորդ՝ հայ ժողովրդի հոգևոր արժեքների սլաքը, իմ մտածելակերպով, ևս զգալի մի չափով թեքվեց դեպի աջ: Սիրելի Էսթեր, քեզ նման հայեր այս լայնահուն աշխարհում փառավորում են մի բուռ հայ ազգին: Քեզ առողջություն, հույս, կամք ու կորով՝ քո մեծ գործի մեջ:
-Ընթերցող Արաքսյա Բարոյան

Սիրելի Էսթեր, ուզում եմ շնորհակալությունս հայտնել գեղեցիկ մակագրությամբ ինձ նվիրած «Լույս ստվերների համար» նոր գրքիդ կապակցությամբ, ինչպես նաև խոհերս կիսել՝ ընթերցումն ավարտելուց հետո: Նախորդ գրքերիդ առիթով երևի արտահայտել եմ վախս, որ ունենում եմ քո ամեն մի նոր գրքի ժամանակ: Հիշում եմ, «Քառակուսուց դուրս» բանաստեղծություններիդ առաջին գրքից հետո (ուրիշները նման շքեղ գիրք ունենում են մեկ-երկու սկսնակ գրքերից հետո) հաջորդներիդ համար վախ ունեի, թե հանկարծ նախորդի կրկնությունները չլինեն: Փառք Աստծո, ամեն մեկը մի նոր, մի այլ գեղեցկությամբ էր տարբերվում: Երբ իմացա այս նորի՝ արձակի վրա աշխատելուդ մասին, մտահոգվեցի՝ ինչ միտք կար ռիսկի դիմել, իրոք նվաճված բանաստեղծական արժանիքներին դժվար թե բան ավելանար: Ուրախ եմ, որ կրկին սխալվեցի. սա կլինի վերջինը: Այո, պատմելու շատ համով ձիրք ունես, և բանաստեղծությունը ոչ միայն չի մեռնում պրոզայիկ կոչվող արձակի մեջ, այլև այն դարձնում է բանաստեղծական: Գիրքը կարդացի որպես հետաքրքիր մի պատմություն՝ արձակի շատ անսպասելի հասուն և հմտավարժ էսթերական շարադրանքով: Աստված թող քեզ առողջություն տա, որ ստեղծագործես ի ուրախություն մեզ: Վարձքդ կատար:
-Ընթերցող Նշան Որբերյան