ՊԱՏԳԱՄ

 

 

Ես՝ այսքան տարի աշխարհում ապրած
ու այսքան ծանոթ ցավին, դավերին,
դու՝ փոքրիկ աղջիկ, նոր աշխարհ մտած
և ծանոթ միայն մանկան խաղերին,
դիտում ենք իրար…

Օ՜, փոքրիկ աղջիկ, իմ անմեղ հրեշտակ,
աշխարհի չարին-բարուն անտեղյակ,
դու չես իմանում, դու չե՜ս իմանում՝
ինչու՞ եմ ապշած քո խաղին նայում։

Նախանձու՜մ եմ քեզ…

Իմանաս անգամ, չես հասկանալու,
ինչպե՞ս հասկանաս, թե արդյոք ինչու՞
ես՝ տարիքի հետ հասունացածս,
փորձ ու փորձանքով իմաստնացածս,
նայում եմ խաղիդ, երանի տալիս,
նախանձում այնքան, որ լալս է գալիս…

Քե՜զ, ոչ ուրիշին, որ ունի գոհար,
հենց քե՛զ, որ ունի հարցեր անհամար,
պիտի սովորի մի օր հիրավի
ինչու՞ է կանաչ գույնը տերևի,
ինչի՞ց է կախված ամպը վերևի,
ո՞վ է վառ պահում լույսը Արևի…
քե՜զ եմ նախանձում։

Քե՜զ, որ չգիտես Արևի դստեր՝
լույսի և նրա անբաժան ընկեր
ըստվերի մասին, դեռ չե՜ս սովորել,
բայց կսովորես անպայման սա էլ
գուցե հենց այստեղ, քո տան պարտեզում,
ուր պուպրիկիդ հետ խաղում, վազվըզում,
սեփական շուքըդ բռնել ես ուզում
ապարդյուն փորձով, լալիս հուսահատ,
դու լաց ես լինում, իսկ նա անընդհատ
վազում քո կողքից, հենց քո քթի տակ
առաջ է ընկնում քեզնից շարունակ…
քե՜զ եմ նախանձում։

Քե՜զ, որ ապրում ես բնազդով մանկան,
օրըդ անցնում է առանց բարդության,
խաղն է սահմանը քո երջանկության,
և խաղալիքըդ՝ շողն արեգական,
օրորով քնում, արթնանում երգով,
հոգիդ չես խոցում անեծքի վերքով,
քե՜զ, որ տակավին չգիտես կռվել,
դեռ չես սովորել ծըռել ու ծռվել,
որ դեռ չգիտես մեծ աշխարհի հետ
փոքրիկ ու ճղճիմ հաշիվներ բռնել,
քանզի աշխարհըդ հեքիաթով է լի,
հենց սրա համար, քեզ՝ երանելի՜,
քե՜զ եմ նախանձում…

Նախանձում եմ քեզ, ասում՝ երանի՜,
նաև թախանձում, որ, Աստվա՜ծ անի,
իմ փոքրի՜կ աղջիկ, իմ անմեղ հրեշտ՜կ,
աշխարհի չարին-բարուն անտեղյակ,
չարությունը մի՜շտ օտար լինի քեզ,
ու բարուդ համար աղոթում եմ, տե՜ս…

Եվ ահավասիկ ինչ եմ պատգամում։

Օ՜, ես չեմ լինի մի օր աշխարհում,
դու ինձ չե՜ս տեսնի, ե՜ս կտեսնեմ քեզ,
կհետևեմ քեզ ճիշտ այսօրվա պես,
դարձյալ կաղոթեմ, սակայն այս անգամ
կապույտ անհունից տիեզերական,
որ դու քո հերթին ու մաքուր հոգով
մեկ այլ փոքրիկի խաղին նայելով,
դու՝ տարիքի հետ հասունացածդ,
փորձ ու փորձանքով իմաստնացածդ,
նախանձես նրան ու տաս երանի,
նաև թախանձես, որ, Աստվա՜ծ անի,
երազների հետ ու այս աշխարհի
հաշտ ու համերաշխ մանկություն լինի,
մարդը մարդ մնա, մարդկությու՜ն լինի…

Հազա՜ր երանի, հազա՜ր երանի…
05-15-05