Էսթեր Բաստրմաջյանը, գրչանվամբ Էսթեր Դավիթյան, ծնվել է 1941 թ. Լիբանանի Բեյրութ
քաղաքում: 1946 թ. ընտանիքը ներգաղթել է հայրենիք, հաստատվել Երևանում: 1958 թ. ավարտել է Ղ. Աղայանի անվան թիվ 63 դպրոցը և աշխատանքի է անցել Երևանի Պետական Համալսարանի Հրատարակչությունում որպես վերստուգող սրբագրիչ: 1960-1965-ին Էսթերը ուսանել-ավարտել է Պետական համալսարանի Բանասիրության ֆակուլտետը և անմիջապես աշխատանքի է լծվել Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան Գրականության Ինստիտուտում: Տեքստաբանության և Գրականության Տեսության բաժիններում Էսթերը կատարել է գիտական մի շարք ուսումնասիրություններ, ի մասնավորի կազմելով Մ. Աբեղյանի ակադեմիական հրատարակության 5-րդ՝ տաղաչափության խնդիրներին նվիրված հետազոտությունների ամբողջական-ակադեմիական հատորը, մասնակցելով «Թումանյանը Ժամանակակիցների Հուշերում» հոբելյանական հատորի տեքստերի պատրաստման աշխատանքներին, ուսումնասիրելով Ատոմ Յարճանյանի արխիվը, վերծանելով ու վերականգնելով Սիամանթոյի անտիպ ձեռագրերի գրեթե անընթերնելի հավաքածուն, ապա և նյութերը պատրաստելով ակադեմիական տպագրության: Գրականագիտությանը զուգահեռ Էսթերը զբաղվել է նաև լրագրությամբ, թղթակցելով Երևանի Ռադիոյի «Արտասահմանի Հայության Համար» և «Երիտասարդական» խմբագրություններին, ինչպես և «Հայրենիքի Ձայն» թերթին:
1979 թվականից բնակվում է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում: Գրականագիտությունը եղել ու մնում է նրա մասնագիտությունն ու սերը, որին զուգահեռվում է նրա մյուս՝ ստեղծագործական շնորհն ու սերը: Էսթերը ունի բանաստեղծությունների 3 ժողովածու «Քառակուսուց դուրս», «Երջանկությունը իմ տանն է ապրում» և «Ապրել ինչպես ծառ» խորագրերով, որ հրատարակվել են Երևանում 2003, 2004 և 2007 թվականներին: Շուտով լույս կտեսնի նաև չորրորդ՝ «Սրտիս չորրորդ կտորը» խորագրով չափածո ժողովածուն, իսկ 2011 թվականին Էսթերը ներկայացրել է իր «Լույս ստվերների համար» ինքնակենսագրական վեպը:
Էսթերին գրավում է թարգմանչի խիստ պատասխանատու աշխատանքը ևս: Նա բնագրից թարգմանել, «Կռունկ» ամսագրում հրատարակել է 16-17-րդ դարի անգլիացի նշանավոր փիլիսոփա Ֆրանսիս Բեկոնի վերջին՝ «Նոր Ատլանտիդա» անավարտ վիպակը և ներկայումս թարգմանում է նույն հեղինակի «Էսսեներ և խրատներ» ժողովածուն: Բնագրից թարգմանել է նաև համաշխարհային պոեզիայի ներկայացուցիչների՝ օրինակ Ռեդյարդ Կիպլինգի, Ժակ Պրիվերի և Պաստերնակի իրեն հարազատ որոշ ստեղծագործություններ: