ՈՒ՞Ր ԵՆ ԱՄՊԵՐԸ

 

 

Ու՞ր է արևը, հարցըրիր մի օր,
երբ մոխրագույն էր երկինքը աշնան,
աչքերիդ խորքում տամուկ ու մոլոր
կաթիլ էր դողում մարգարտանման։

Իզուր ջանացի խոսել, համոզել,
ամպերի մեջ է ասի, տե՛ս, արփին,
չկարողացա խռովքըդ կասել,
դու արտասվեցիր անխոս ու լռին։

Մեկեն հասկացա, որ աշունը չէր
աչքիդ ժպիտն ու փայլը գողացել,
ոչ թե երկնքի, այդ քո արևն էր
հույսիդ հայելում մարել, չքացել։

Ուզեցի հոգիդ վարակել հրով՝
իմ շող-արևից մի փունջ քաղեցի,
կապեցի սրտիդ անտես լարերով՝
արցունքդ լույս ու հույսով շաղեցի։

Ու՞ր են ամպերը, հարցըրիր նորից,
մոխրագույնի հետք չկար երկնքում,
լազուր էր ծորում ասես վերերից,
արևն էր լողում աչքերիդ խորքում։
11-25-2002