MOKSHA

 

 

(խոհ՝ ծնված Լոնդոնի պրահմանական տաճարում)

Իմ անցյալ կյանքում ո՞վ էի արդյոք,
չգիտե ոչ ոք։ Ո՞վ պիտի լինեմ,
երբ հաջորդ անգամ այս աշխարհը գամ
մի նոր ձևի մեջ, ինչպե՞ս իմանամ։
Ես գիտեմ միայն, որ մարմին կոչվող
ժամանակավոր կաղապարի մեջ
անխոնջ, անդադար՝ մեկ օր դեպի վեր՝
միշտ սիրահոժար, առանց գանգատի,
որպեսզի չատի, որպեսզի չընկնի
նոր սխալի մեջ… մեկ օր դեպի վար՝
անեծք կարդալով ու ծառանալով,
արյունոտելով, արյունոտվելով
նոր փորձանքներից… երկիր-երկնքի
ու տիեզերքի խորհուրդն անմեկին
ունկնդրում անվերջ, դեգերում է իմ
անհանգիստ հոգին ու տառապանքի
քառուղիներում նախորդ կացության
մեղքերն է լալիս, որպեսզի հոգին
չմընա անտուն երկրի ու երկնի
բյուր ուղիներում՝ այս ու այն մարմնի
կամ գոյության մեջ… բնականաբար
ոչ իրե՛ն կամքով, ո՛չ էլ ընտրությամբ,
այլ՝ որովհետև… փորձում է փրկվել
վերածնության շրջապտույտից։

Եվ հենց այսպես էլ, հե՛նց որովհետև,
զի չկա՜ այլ ձև, կամոք կամ անկամ,
ուզի կամ չուզի հասունանում է
աստիճանաբար՝ տոտիկ առ տոտիկ
իր հանցանքների թնջուկը քանդում,
անցյալի բոլոր մեղքերը լալիս,
դժվարությանը դյուրավ հոժարում,
կշռաքարերը խաղաղությամբ ու
սիրով նժարում՝ պարտքերն է տալիս,
որ երկնից երկիր անխուսափելի
շրջապտույտում խըճըճված հոգին
ազատվի մարդու ու այս աշխարհի
բազում ցավերից, նյութի դավերից,
մի նոր ծնունդով ետ չգա կրկին՝
մտնի նոր մարմին, այլ… մնա տեղում
և տիեզերքի անհունության մեջ
իր հանգրվանն ու հանգիստը գտնի
հավիտենաբար… որպեսզի հոգի՜ն,
հոգին ազատվի՜ վերջնականաբար։
10-26-03