ԱԿՆԹԱՐԹ

 

 

Թե ինչ կատարվեց, ինչպես պատահեց,
ես չհասկացա, հասկացա միայն,
որ կարողացա ճողոպրել մի կերպ,
ինչ-որ հրաշքով փախչել բախումից,
որ ընթանում եմ աջից դեպի ձախ՝
շրջան եմ գծում ճամփի լայնքով մեկ…
Բայց ասես ես չեմ ղեկին նստածը,
ասես դիտում եմ ինչ-որ ուրիշի
ու մտածում եմ՝ արդյոք պիտ կանգնի՞
ավտոմեքենան, թե՞ շուռ պիտի գա…
ձեռքս գնում է լույսի կոճակին,
ազդանշանում՝ հեռու՜ մնացեք…
հետո տեսնում եմ, որ լույսերը ինձ
դեռ չեն մոտենում, դեռ շուռ չեմ գալիս,
շարժըվում եմ դեռ։ Սիրտս կատաղի
թմբկահարում է կրծքիս վանդակում,
գլխիս մեջ մտքեր՝ ամպրոպից գժված
ձիերի նման իրար են բախվում,
հրա՜շք եմ խնդրում ահից խենթացած
ու աղոթում եմ՝ ով Տեր, ով Աստվա՜ծ…
ավտոմեքենաս գամվում է հանկարծ։
Չգիտեմ ինչպես, բայց տունս եմ հասնում։
Հարազատներիս ոչինչ չեմ ասում։
Մեկ գդալ մեղրը ջրի մեջ լուծում
ու սարսափը իմ լվալ եմ փորձում
անըզգայացած կոկորդիցս ցած…
Հետո փորձում եմ իբրև վերլուծել,
չեմ կարողանում։ Հասկանում եմ այն,
որ այս ամենը կատարվեց միայն
մեկ ակնթարթում։ Ինչքա՞ն է տևում
մեկ ակնթարթը։ Ճիշտ այնքան, որքան
ա՞չքդ ես թարթում։ Դա պարզ է, սակայն
բացատրություն չէ՞ բառարանային։
Վայրկյանների մեջ մղձավանջային
ես մի ողջ կյանքի ընթացք ապրեցի՝
աչքիս դեմ կյանքը կանգ առավ հանկարծ,
ապա շարժըվեց, շարժըվե՜ց կրկին,
ինձ հաղորդելով ճշմարտությունը
անտեսանելի ու վերերկրային՝
քանզի կողքիս էր Տերն իմ ողորմած
վտանգված կյանքիս ղեկը իր ձեռքին։
08-03-2000