ԱՄԵՆԱՀԻՆ, ԱՄԵՆԱՆՈՐ ՀԵՔԻԱԹԸ

 

 

Պատուհաններից ու տանիքներից,
բակերում վառվող խաղալիքների
շող ու փայլերից բոցավառվել է
փողոց ու պարտեզ, երկնակամարը
արծաթ է մաղել տների վրա,
ու լուսնալույսի շղարշների մեջ
գիշերվա խորքում՝ բնության գրկում
մեծ տոնածառ է քաղաքը կարծես։

Մեկ շաբաթ առաջ լուռ էր գիշերը,
սուրբ էր գիշերը՝ խորհուրդ սքանչելի,
խորհուրդ հայտնության, և հովիվները
հրեշտակների հետ յոթ գիշեր առաջ
ի լուր աշխարհի ավետիս տվին
ձայնով դյութական՝ Բեթղեհեմի մեջ
ծնվեց նոր արքան, որ որդիք մարդկան
սեր, հույս ու հավատ և լույս ունենան։

Ծննդյան օրից մեկ շաբաթ անցել,
գիշեր էր նորից։ Կանաչ եղևնին
փախել անտառից, տաքուկ հարկերում
դարձել տոնածառ, բյուր լույսերի մեջ
ժպտում էր պայծառ։ Ամեն տանտիկին
համեստ կամ շքեղ սեղան էր բացել
իրեն օջախում՝ բուրավետ-համեղ
ինչ ուտելիքնե՜ր և ի՜նչ կերուխում…

Իսկ խոհանոցում սկուտեղի վրա,
շամպայնի լեցուն շշերի կողքին,
բաժակներ ցոլուն անհամբեր էին,
որ սըլաքները գրկախառնըվեն,
դառնան մեկ մարմին գիշերվա կեսին,
և ժամացույցը երկու հազար չորս
նոր թվականի ծնունդն ավետի
տասներկու զարկով ի լուր ամենքին։

Որ շամպայնների խցաններն ըմբոստ
խոսքը մեկ արած ու որոտաձայն
ամեն հարկի տակ թնդան միաբան,
բաժակներն իրար խփվեն, զըրընգան,
մեծ մայրիկները, մեծ հայրիկները
հույսի, հավատի օրհնությունը տան
ահել-ջահելին, սեր, միասնություն
և խաղաղություն մաղթեն աշխարհին։

Որ ջահել հարսներ վազեն ու ջրի
ծորակը բանան, որ չպակասի,
աղբյուրի նման մշտառատ հոսի
բարին անվարան։ Որ տան երեխան
հին օրացույցը իջեցնի պատից,
հեռացող տարին հետն առնի, տանի
տխրություն, թախիծ, իր անմեղ ձեռքով՝
նոր օրացույցը կախի հին գամից։

Որ ամեն մեկը իր մտքում խոսի
անցնող տարվա հետ և երեք հարյուր
վաթսունհինգ անգամ կրկնի ու ասի՝
շընորհակալ եմ: Որ երեք հարյուր
վաթսունվեց անգամ, նահանջ է քանզի
տարին նոր ծնված, խոսի առ Աստված՝
հանուն իր հոգու, հանուն մարդկության,
ուխտը նորոգի քրիստոնեության։

Խոստանա սիրել, սիրել ամենքի՜ն,
որ իրե՜ն սիրեն, ներել ամենքի՜ն,
որ իրե՜ն ներեն, որ բարին միայն
հեքիաթ չըլինի ու մարդը միայն
հեքիաթ արարող հրաշք երազող,
որ հեշտ ու դժվար այս հի՜ն աշխարհը,
այս լա՜վ աշխարհը սիրով, հավատով,
հույսով նորոգվի և լըցվի լույսով։
01-06-04