ԱՄՊԵՐԻ ՈՒ ՔԱՄՈՒ ՀԵՔԻԱԹԸ

 

 

Ամպերի խումբը պարտություն կրեց
ևս մեկ անգամ, և չկար ոչինչ,
որ լիներ նոր կամ ոչ սովորական։
Զի անկոչ հյուրը՝ քամին հայտնըվեց
երկնքում հանկարծ, առանց հարցնելու
եկավ, խառնըվեց ժողովին նրանց։

Ոչինչ չխոսեց։ Միայն փչեց լուռ,
ամպերին ստիպեց արտասվել տխուր,
գործը ավարտեց ու գոհ արդյունքից
հանդարտ-անաղմուկ քթի տակ ժպտաց
ևս մեկ անգամ, այսինքն՝ տեսա՞ք,
դարձյա՜լ քշեցի երկնքից դրանց…

Կատարվածն անշուշտ սկիզբն էր միայն,
ասենք՝ նախաբան, և աննպատակ
չըքշեց քամին ամպերին անբան…
Քշեց ծրագրով, որ շարունակի
իր գործը արդար Արեգակն անմար՝
լինի երկնքի թե երկրի համար…

Ուստի հեքիաթը և՛ շարունակվեց,
և՛ հասունացավ։ Քամին հենց որ իր
գործը ավարտեց, շողերին դարձավ…
Ասաց՝ ձե՜զ տեսնեմ, երկնքի անգույն
շորերը հանեք, կապու՜յտ հանդերձով,
ոսկեզօ՜ծ գոտով նրան զարդարեք։

-Շողերն ի՞նչ արին։ Լսեցի՞ն նրան։
-Լսեցին անշուշտ, ու չեղավ ոչինչ,
որ լիներ նոր կամ ոչ սովորական։
Արևը ելավ ու երկնքում ջինջ
իր շողերի հետ ևս մեկ անգամ
ծիածան կապեց գունեղ-տոնական։

-Հետո՞ ինչ եղավ։ Իսկ մնացյա՞լը։
-Օ՜, ոչինչ չկար ոչ սովորական,
զի անցյալն անցյալ, և մնացյալը
պարզապես դաս է մի ուսանելի,
այսինքն՝ միշտ էլ ամպերի ուժը
լոկ թվացյալ է՝ պատրանքներով լի։

Ամպակույտերը, որքան էլ փքվեն,
երկար կյանք չունեն, շատ չեն դիմանա։
Կամ հողմի ուժից պիտի պարտըվեն
ու ամոթահար ցրվեն, հեռանան,
կամ բարկությունից պիտի պատըռվեն,
պիտի արտասվեն, իսպառ վերանան…

05-05-05