ԱՅԳԵՊԱՆ

 

 

Սուրբ հողի ծառա և սուրբ հողի տեր՝
երջանիկ մարդն այս հմուտ վարպետ էր։
Այգին իր տունն էր ու տունն էր այգի՝
մարդը ապրում էր խինդով կրկնակի…

Այգեպանը իր գործը լավ գիտեր,
գիտեր ո՞ր մատը, որտեղի՞ց էտեր,
ճիշտ ժամանակին այնպե՛ս շվատեր,
որ վազը ցնցվեր, բայց չվհատեր։

Պարզապես վախից քիչ արցունքոտեր,
կապույտ երկնքին նայեր, աղոթեր,
հանուն նոր կյանքի վախը փարատեր,
մայրենի հողից սնունդ պաղատեր…

Ու հասակ առներ ու նոր կյանքի գար,
բյուր բողբոջներից բյուր թևեր բանար,
զարմացած նայեր բյուր ծաղիկների
կանաչ աչքերով, Արևին ժպտար…

Արևը նրան փոխադարձը տար,
ու ծաղկած տունկը համբույրից դողար,
սիրո համն առներ ու երջանկանար,
ու սիրահարվեր, ու հղիանար…

Ամեն ծաղկաբույլ մեծ ողկույզ դառնար,
որթատունկն այնքան, այնքա՜ն ծանրանար,
այգեպանը գար, հենակներ դներ,
մայր տունկի բեռը քիչ թեթևանար…

Հետո աշուն գար ու զամբյուղ-զամբյուղ
տուն մտներ առատ բերքը խնկաբույր,
գործի լծվեին փոքր ու մեծով տան,
որ ողկույզներին նոր պաշտոններ տան՝

շարոց ու չամիչ, անուշներ պես-պես,
ապա և կախան դեղին՝ սաթի պես,
ու դեռ շատ բաներ, ի՜նչ սիրտը ուզի,
վերջապես գինի՝ խմիչք երազի…

Հետո Վարպետը ընտանիքով իր
ու բարեկամներ, ընկերներ ընտիր,
հին ավանդույթով նահապետական,
իրար մոտ եկած նստեին սեղան…

Օրհնեին այգին ու այգեպանին,
ու գետի նման վարարեր գինին,
տոնեին հողի բարիքն աննման,
խփեր դհոլը ու փչեր զուռնան…

Սուրբ հողի ծառա և սուրբ հողի տեր՝
Վարպետ էր մարդը, կյանքը լա՜վ գիտեր…
02-26-06