ԱՅՍ ԱՄՊԵՐԸ

 

 

Այս ամպերը ի՜նչ խայտառակ բան դուրս եկան։
Կարծես քիչ էր՝ նստել էին գլխին լեռան,
դեռ աղմկում, հոխորտում են մեծաբերան՝
հե՜յ, հե՜յ, տեսե՛ք, սարից բարձր ու պատվական
մենք ենք միայն։

Դե, քամին էլ համառորեն իրենն անում,
թեթևսոլիկ, փուչ ամպերին արհամարհում,
թողնում է դեռ բազմեն, փքվեն գլխին սարի,
մինչև ինքը թփերի հետ մի քիչ պարի
սարալանջին։

Սարն անվրդով, երկինք պարզած սեգ գագաթը,
խորհում է լուռ, կնճռոտում է ծեր ճակատը՝
ամպերը ի՞նչ պիտի անեն. պիտի գոռան,
հետո հոգնած պիտի լռեն, կամ՝ արտասվեն,
հանգստանան։

Մինչև քամին, թփերի հետ պարը թողած,
սարալանջից վե՛ր խոյանա նոր թափ առած,
իր գործն անի՝ ցաքուցրիվ քշի նրանց։
Ու ամպերը, փշուր-փշուր հողմահալած,
իրենց վերջին արցունքը լան ամոթահար՝
երկինքն ի վար։
08-28-2000