Իմ ու դրացուս տները իրար մոտիկ են այնքան,
թվում է, ձեռքս եթե երկարեմ, կհասնեմ զանգին,
ցանկապատ գցել, սահման են գծել մեր միջև սակայն,
ինքը իր կողմից, ես իմ կողմից եմ նայում երկնքին։
Ու մտածու՞մ է արդյոք դրացիս, թե այս աշխարհում
նյութը միշտ ունի ինչ-որ ցանկապատ ու ինչ-որ սահման,
ասես թե չասես, սա իմն է, իսկ դա քեզ է պատկանում,
ի՜նչ երանություն, ամենքինն է բիլ երկինքն անսահման։
Երբ օդ չմնա քո քառակուսի հողակտորում՝
աջ, ձախ, ետ, առաջ ցանկապատերից խեղդամահ լինես,
թև տուր երազիդ, թռիր, սավառնիր անհունի մովում,
ուր քեզ չեն ասի՝ երկնակտորիս սահմանը չանցնես…
07-01-2002