ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ

 

 

Վերջին այցելուն դուրս գնաց ահա,
հոգնած հսկիչը ջահերը մարեց,
օրը վերջացավ, գիշեր է հիմա,
ցուցասրահը դռները փակեց։

Նկարներն այնժամ շունչ քաշեցին խոր՝
վերջապես դահլիճն իրենցն է միայն,
շրջանակներից անձուկ ու տխուր
գլուխներն առած դուրս փախան համայն։

Ձգեցին թմրած մկան ու մարմին,
օդում ծփացին մեկ-երկու շրջան,
ոգիների պես կեսգիշերային
պատերից ներքև սահեցին, իջան։

Ի՜նչ երանություն։ Ողջ օրը անշարժ
քարացած պատին, շքեղ սրահում,
ու ճակատագրին թեև վաղուց վարժ,
այս ժամերն էին նրանք սպասում։

Ազատությա՜ն պահ, որ մեկտեղ այսպես
վայելում էին մինչև լուսաբաց,
այս գիշեր, սակայն, տարբեր էր կարծես,
անհանգիստ էին, իրար խառնված։

Դահլիճը զարթնեց այս խլրտումից,
իրար միացան նկար ու արձան,
խոսքը մեկ արած՝ այս ու այն կողմից,
Մտածողի դեմ շարվեցին անձայն։

(Արդյո՞ք կարծեցին, թե՝ մտածող է,
ուժ ու խելքի տեր, մեծ փորձառությամբ,
իրենց խնդիրը լուծել կարող է
հարյուրամյա իր իմաստունությամբ)։

Բայց ինչու՞ արդյոք ակնկալեցին,
որ այդպես՝ անխոս իրենց հասկանա,
թախծոտ աչքերով նրան նայեցին
ու խանգարեցին հանգիստը նրա։

Ապարդյու՛ն։ Ուստի դիմեցին խոսքի։
Ասացին՝ էլ վերջ, կախվել չեն ուզում,
շրջանակները, թեկուզ և ոսկի,
մահ են, իսկ իրենք կյանք են երազում։

Ապա մեկն ասաց՝ շատ է եղկելի,
երբ տռփոտ իր մերկ մարմինն են զննում,
չի ուզում լինել հանրամատչելի,
միայն մեկին է պատկանել ուզում։

Հետո, վերջապես, դողում է, մրսում,
զննելու հարցը լիներ-չլիներ,
տաքուկ հագուստ է իր համար ուզում,
այլապես ցրտից կարող է մեռնել։

Շքեղ մուշտակով մեկն էլ գանգատվեց։
Սա էլ հոգնել էր նույն հագ ու կապից՝
սիրեկանն իրեն ի՜նչ փորձանք տվեց,
ամռան արևին խեղդվում է տապից։

Եվ ամեն գլխից լսվեց մի բողոք,
ամեն ոք փորձեց լուծում պահանջել,
ապա զայրացան՝ ժա՛յռ է անողոք,
ինչու՞ են սրան Մտածող կոչել…

-Ի սեր Աստըծո, այս ի՞նչ եք խոսում,-
որոտաց հանկարծ մի այր ալևոր,-
չգիտե՞ք, գնդի հակառակ կեսում
ռումբեր են տեղում, մահ է սևավոր։=

Բարկ արևի տակ մեջն անապատի
մի ողջ ժողովուրդ՝ ահել ու ջահել,
անօթևան է, մերկ ու անոթի,
ա՛յս մասին է պետք բողոք արարել։

Եվ կամ չե՞ք լսել, ձմեռներ երկար
մարդիկ չունեին լույս, ջուր, վառելիք
կացնահարեցին, վառեցին թուփ, ծառ…
հուսահա՜տ ներկա, անորո՜շ գալիք։

Ու ի՜նչ մանկամարդ հարսներ գեղանի
ծախեցին իրենց մարմինը շուշան,
փոխանակ լինեն սիրո սպեղանի,
ապրուստի համար բաժին դարձան շան…

Եվ քանի՜ մանուկ դարձան մուրացիկ,
պատանի չեղած ծերունի դարձան,
քանի՜ նորածին կոչվեց ընկեցիկ՝
անհայր ու անմայր… սա էլ մի նոր ցավ։

Եվ դուք եկել եք գանգա՞տ անելու,
դուք, որ ապրում եք ապահով, հարմար,
և Մտածողին տանջահարելու
ձեր մանրիկ, ճղճիմ հարցերի՞ համար…

Չե՞ք տեսնում, նա էլ մի մարդ՝ այլոց պես
կքած հոգսերի ծանր բեռի տակ,
մեկ դարն էլ անցավ, բայց նստել այդպես,
լուծում չի գտնում ցավին անհատակ։

Հիմա հասկացա՞ք, դուք շփոթել եք,
Մտածո՛ղ է նա, ո՛չ թե ղեկավար,
ձեր բողոքները ուրիշ տեղ տարեք
և պահանջեցեք պատասխանն արդար։

Սրտինը ասաց, գլուխը կախեց,
գնաց, քարացավ իր պատվանդանին,
սրահի վրա ասես ձյուն մաղեց,
նկար ու արձան շվարած էին։

Իսկ լուսադեմին լուռ, ամոթահար,
շարժվեցին՝ հուշիկ ելան-գնացին,
շրջանակներում փակվեցին ու հար
աշխարհի ցավով անքուն մնացին…
04-03-2002