ԱՊՐԵԼ ԻՆՉՊԵՍ ԾԱՌ…

 

 

ԿԵՍԳԻՇԵՐԱՅԻՆ ԶՐՈՒՅՑ ՔՈՒՆԸ ԿՈՐՑՐԱԾ ՀԱՐԵՎԱՆԻՍ ՀԵՏ

Դու համոզված ես, թե չես երևում,
թե վարագույրե պատըդ երերուն
պատըսպարում է քեզ իր ետևում,
երբ ուրուի պես ինձ ես հետևում…

Երբ ամեն գիշեր հալածում ես ինձ
քո մութ հայացքով մութ պատուհանից,
մինչ ինքնամոռաց ես պատշգամբում
իմ երանության պահերն եմ ապրում…

Բայց գիտե՞ս արդյոք, թե սխալվում ես,
թե տեսնու՜մ եմ քեզ։ Եվ ահա ինչպես։
Երբ ամենօրյա ծեսըս ավարտում,
բարի գիշեր եմ ամենքին մաղթում,

ես տեսնում եմ միշտ, թե կիսամութին
հենց վարագույրին քո լուսամուտի
լապտերըդ աղոտ մի շուք արարել,
ծալքերի վրա քեզ է նկարել…

Օ՜, անշուշտ հեշտ է ինձանից թաքչել,
իսկ լույսի՜ց, լույսի՜ց կարո՞ղ ես փախչել,
որ քո իսկ շուքով քեզ մատնում է ինձ,
մատնում է հենց քո սեփական տնից…

Մատնում մարմաջըդ, որով համակված
դու ամեն գիշեր՝ դարանըդ մտած,
անքուն ես մընում, զի քո դրացուն
«հանցանքի պահին» բռնել ես փորձում…

Բայց ինչի՞ համար։ Որ ծնունդ առնի
մի նո՞ր բամբասանք, ավելի՞ խառնի
քո խեղաթյուրված կյանքի անդորրը,
որ բախես սրա ու նրա դուռը

հաջորդ առավոտ և լեզու՞դ շաղ տաս՝
հորինածներըդ մատուցես նրանց,
թե՝ գիտե՜ք, չեկավ այդ մարդը դարձյալ,
թե՝ մի գիշեր էլ ապարդյուն անցավ…

Չգիտես սակայն, իմ խե՜ղճ հարևան,
թե ապարդյուն է քո կյանքը համայն,
թե պատուհանից իզուր ես կառչում,
թե վարագույրիդ ծալքերում կորչու՜մ,

ոչնչանում է քո՜ ժամանակը,
թե ե՛ս չեմ, դու՜ ես այն միայնակը,
որ անեծքով է մտնում անկողին,
քանզի չգիտե՝ որտեղ է հոգին…

Բաց պատուհանըդ, «գաղտնիքըս» բացեմ,
գուցե հաջողվի, քեզ էլ վարակեմ,
որ չտառապես գիշերվա խորքում՝
այլոց կյանքը քեզ չպահի անքուն…

Երբ մենակ լինես ու լինես արթուն,
խորհուրդ որոնես ինքըդ քո հոգում,
որ քեզ չըսպառի մութը գիշերվա,
երազին տրվես՝ լույս-առավոտ գա…

Ես գիտեմ, որքան պիտի զարմանաս,
երբ իմ «գաղտնիքը» ասեմ, իմանաս,
թե ամեն գիշեր այս պատշգամբում
քո բակի կանաչ ծառն է ինձ պահում…

Սակայն չգիտեմ, արդյո՞ք կսթափվես,
թե՞ ինձ լսելով՝ կըհիասթափվես
ևս մեկ անգամ՝ վերջնականապես,
երբ իմ ու ծառի կապը պատմեմ քեզ…

Օ՜, սովորույթ է դարձել մի տեսակ
այս հանդիպումը գունատ լուսնի տակ…
Ու թե պատահի, եթե թերանամ,
թվում է՝ քնել չեմ կարողանա…

Թվում է՝ օրըս կմնա կիսատ
ու չի լուսանա, եթե մանավանդ
բաժանման պահին հանկարծ չհիշեմ,
իմ ծառին չասեմ՝ քեզ բարի գիշեր…

Ու եթե նրա կախարդիչ լեզուն՝
սոսափյունների մեղեդին խոսուն
ինձ չըհորդորի՝՝ անկողին գնա,
քեզ բարի երազ, արթուն մի՜ մնա…,

թվում է, չի գա բարի առավոտ,
որ լույսը ցրի թախիծ ու կարոտ,
մի նոր օր բերի նոր հույսով լեցուն,
ու կյանքի կոչվեն երազներ բազում…

Ուրեմն, հիմա «գաղտնիքըս» գիտես՝
սովորություն է, գիշերային ծես,
մարդու և ծառի մի կապ անմեկին,
որի պահանջը ունի իմ հոգին…

Եվ, անտարակույս, հիմա անպատճառ
պիտի մտածես՝ դու մարդ ու նա՝ ծառ,
այսքան այլազան ու այսքան տարբեր,
ինչու՞ եմ նրան ընտրել ինձ ընկեր…

Բայց դա այլ նյութ է, այլ խոսակցություն,
գուցե և մի նոր բանաստեղծություն,
իսկ այսօր այսքան, չեմ շարունակում,
եթե հասկացար, խորհիր քո մտքում…

Մտածիր, որքա՜ն պարզ էր ամեն ինչ,
մի քիչ ամաչիր ու շիկնիր մի քիչ,
թող մի քիչ ցնցվի քո հոգին տկար,
դա լավ նշան է, նաև օգտակար…

Որ բամբասանքը չպահի արթուն,
անքուն չմնաս գիշերվա խորքում,
որ այլոց կյանքը չգրավի քեզ,
վարագույրների մեջ չըխըճըճվես…

Չբախես սրա ու նրա դուռը,
այլ փնտրես-գտնես հոգուդ մատուռը,
որպեսզի խաղա արյունըդ պաղած,
և ուղիղ կանգնես աշխարհի դիմաց…

 

ԱՊՐԵԼ ԻՆՉՊԵՍ ԾԱՌ

Հեռվից փչում է սառնաշունչ քամին,
ես մտածում եմ՝ ի՞նչ պիտի անի,
իսկ նա՝ խորամանկ, նախ որպես զեփյուռ
մեղմ գուրգուրում է տերևներըդ բյուր…

Մինչ կեղծարարը՝ գոհ ինքն իրենից,
քեզ մոլորեցնում, հանում է խելքից,
դու սոսափու՜մ ես, խաղաղ ես այնքան,
դու պատրաստվում ես հանձնըվել նրան…

Զեփյուռ-դիմակը ընկնում է մեկից,
քամու բիրտ դեմքն է դուրս գալիս տակից,
էլ սիրահար չէ նուրբ ու սիրակեզ,
գոռու՜մ, ոռնու՜մ է՝ քըշելու եմ քեզ…

Ու մերկացնելով և ճյուղ, և սաղարթ,
լլկում է կանաչ մարմինդ անաղարտ,
լռում է անուշ քո սոսափյունը,
ամայանում է բակի անկյունը,,..

Ամայանում են աչքերս էլ կարծես,
որ պատշգամբից հետևում են քեզ,
տեսնում են միայն վիրավոր մի ծառ,
ու փոքրանում է աշխարհը արար…

Իսկ դու՝ ոտքերըդ հողի մեջ խրած,
խրոխտ նայվածքդ դեպի ինձ հառած,
սոսափում-խոսում, արթնացնում ես ինձ,
որ վերագտնեմ անդորրըս նորից…

-Հազար քամիներ եկել են, անցել,
ես հաստատուն եմ, ես կանգուն եմ դեռ,
մի՞թե չգիտես՝ քանի ծառը կա,
և՛ հիացող կա, և՛ նախանձող կա…

Միշտ էլ կլինեն թշնամի ձեռքեր,
ճյուղեր կկոտրեն, կբացեն վերքեր,
ես հողի ուժին միշտ կապավինեմ,
որ արմատներըս ինձ ապաքինեն…

Ու կոտրած ճյուղիս վերքը արյունող՝
մի նոր բողբոջի նորոգ ավյունով
կըվերընձյուղի մարմինըս նորից,
օ՜, հավատա ինձ, դու հավատա՜ ինձ…

Եվ դու էլ փորձիր ապրել ծառի պես,
սրտիդ մի՜ նայիր, արյու՜ն կտեսնես,
քամի-փոթորիկ հենց անցնեն, գնան,
արմատիդ նայիր ճիշտ ծառի նման…

Որ արմատներիդ ցանցով հաղթական
ներքաշես հողի ուժը մոգական
ու հետո նայես Արևին պայծառ
ու վեր խոյանաս ինչպես կանաչ ծառ…

 

ԿԵՍԳԻՇԵՐԱՅԻՆ ԶՐՈՒՅՑ ԾԱՌԻՍ ՀԵՏ

Երազների մայր մութը գիշերվա
ու խենթությունը՝ զավակը նրա,
քունըս փախցընում, դուրս են հանում ինձ,
որ հետըդ կիսեմ խոհերըս նորից…

Որպեսզի փորձեմ այս գիշեր նորից
իմ պատշգամբի ճաղերի միջից
կամրջվել դեպի սահմանները քո՝
ինձ պատկերացնել քո մաշկի ներքո…

Օ՜, գիտեմ, երազ, պատրանք է գուցե,
փորձըս պարտություն գուցե հարուցե,
խենթության ճամփան փորձություն չէ՞ մի՝
երազի լաց ու ծիծաղով հղի…

Բայց թույլ տուր, որ ես գոնե մեկ անգամ
ըզգամ Մայր Հողը՝ առնչվեմ նրան,
վայելեմ հողի ուժը անըսպառ
ոչ որպես մի մարդ, այլ որպես մի ծառ…

Զի դու գագաթըդ երկինք երկարել,
ոտքերըդ հողի խորերն ես խրել,
իսկ ես հող-երկինք անհուն միջանցքում
ծվարել եմ նեղ այս պատշգամբում…

Եվ դու լավ գիտես, թե քանի անգամ
ես փաթաթվել եմ բաղեղի նման
քո հզոր բնին ու ակնկալել
հողի խորհուրդը այդ կերպ ընկալել…

Ակնկալել եմ… Մարմինդ սակայն
արձագանքել է լռությամբ միայն,
ժամանա՞կ տվել, որ հասունանամ,
բնության ձայնի՞ն հասնել կարենամ…

Որ քո մեղեդին՝ անուշ-սիրասուն,
չանվանե՞մ միայն ծառի սոսափյուն,
սաղարթիդ լեզուն լսել սովորեմ
ու պատգամնե՞րըդ իմաստավորեմ…

 

ԾԱՌԻ ՊԱՏԳԱՄԸ

…Եվ հրաշք, հրա՜շք պատահեց մի օր…
Ու չեմ հասկանում դեռ մինչև այսօր՝
ե՞ս հասունացա, թե՞ վայրկյանն էր ճիշտ,
լսածըս խո՞սք էր, թե՞ անխոս մի ճիչ,

բայց պոկվեց քեզնից, մարմինըս մտավ
և ահագնացած՝ արձագանք գտավ…
ասես կայծակ էր, որ շանթահարեց,
ասես որոտ էր, որ հայտարարեց…

-Քո որոնածը և պարզ է, և բարդ…
Ասեմ ու լսիր, ես՝ ծառ ու դու՝ մարդ,
դու մի հողեղեն ու ես՝ հողածին,
կարևորություն տուր իմ ասածին…

Հողի խորհուրդը կքաղես ինձնից,
երբ փորձես անցնել իմ մարմնի՜ միջից,
երբ փորձես լինել ամուր ու համառ,
բայց ոչ որպես մարդ, այլ որպես մարդ-ծառ…

Եվ մի վախենա, լուծման ձևը կա,
ժամանակը քեզ ուղին ցույց կտա,
ու երբ վերջապես գտնես այդ ճամփան,
ես քեզ կուղեկցեմ իմ սիրով համայն…

 

ԾԱՌԻ ՄԻՋՈՎ…

Թըվաց՝ ըզգացի անանուն մի ցավ,
նախ թըվաց՝ ծառը իմ միջով անցավ,
թըվաց՝ մթնեց ու լուսացավ մեկից,
թըվաց՝ մեռա ու ծնվեցի նորից…

Ու հետո թըվաց, թե մարմինըս խեղճ
փոքրացել այնքան՝ մըտել ծառի մեջ,
դարձել է հատիկ, հատիկ ցորենի,
ձգվում է դեպի Հողը Մայրենի…

…Ես այդ վայրկյանից միջոց եմ փնտրում,
քնելուց առաջ ամեն օր խնդրում,
որ լույս մի պատկեր առկայծի իմ դեմ՝
այս խենթ երազի բանալին գտնեմ…

Զի դու ասացիր՝ լուծման ձևը կա,
թե՝ ժամանակը պատասխան կտա…
թե՝ պետք է փորձեմ ամեն մի հնար
տեսիլքիս ճամփան գտնելու համար…

* * *
…Ես արձակում եմ ձիու պոչի պես
կապած մազերըս, ըզգում եմ ինչպես
քամին տանում է նրանց թելերը…
հետո բացվում են իմ զույգ թևերը…

…Ես աշխատում եմ աղեղ արարել,
լարումիս ուժով ձգել-երկարել
ու նետ դարձընել մարմինըս տկար,
ես պատրաստվում եմ թռիչքի համար…

…Թե ինչ թռիչքի, միայն դու գիտես,
և ուղեգիծը հայտնի է լոկ քեզ,
զի ուղեկիցըս դու ես լինելու,
մարմինըս քեզ է ապավինելու…

…Հոգու սլացքը, որ սահման չունի,
փոխակերպում է ինձ նախ թռչունի…
Նա իր հաճույքը օդում չի փնտրում,
կանաչ տերևի վրա է գտնում…

…Իջնում եմ ծառին, թեթև եմ այնպե՜ս,
տերևը շնչում, ինձ քաշում է ներս…
Անցնում եմ ճյուղով, սահում եմ բնով,
հողին եմ հասնում արմատի հունով…

…Մայր Հողի անուշ բույրն ինձ արբեցնում,
մի փոքրիկ-փոքրիկ հատիկ է դարձնում…
Օ՜, հողը տաքուկ-փափուկ է այնքան,
հողը մայրական գրկի է նման…

…Հողը փայփայում, սնուցում է ինձ,
ես ուռճանում եմ երջանկությունից…
Հանց հղի հատիկ ծիլ եմ արձակում՝
գլուխս հողից վեր է բարձրանում…

* * *
…Ինձ համբուրում է Արևը պայծառ՝
ես խոյացել եմ ինչպես կանաչ ծառ…
Մարդ եմ, և սակայն այլազան, տարբեր՝
մարդու ու ծառի միացյալ պատկեր…

 

ԾԱՌԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

-Դու աշխատեցիր աղեղ արարել,
լարումիդ ուժով ձգվել-երկարել,
ու մի նետ դարձավ մարմինըդ տկար,
թռիչքի ձևը գտնելու համար…

Դու ճամփան տեսար ու ձևը գիտես,
օգնեմ, որ նաև խորհուրդը կգտնես,
մենք, որ տարբեր ենք, այլազան այսքան,
ո՞րն է հանգույցը մեր ընդհանրության…

Ես պատահաբար չըմըրմընջացի՝
կարևորություն տուր իմ ասածին,
դու հողեղեն ես և ես՝ հողածին,
սա՜ է բանալին քո առեղծվածի…

Ուրեմն պիտի հողից ըսկըսես
ու չխորանաս ու չվերլուծես՝
հայրենի՞ արդյոք, թե՞ ոչ-հայրենի,
զի հողն ամենուր Մայրն է ամենի…

Հողին չնայես որպես քո «էրգիր»
(դա ուրիշ հարց է և ուրիշ խնդիր),
նայես իբրև տարր ու նախապատճառ,
իրար չխառնես երկու գաղափար…

Պարզ զրույց անենք՝ միայն ես ու դու,
որ չըծավալվես, չըգընաս հեռու,
որ չըփորփըրվի վերքըդ հայ մարդու
ու քո նաիրյան հեռավոր բարդու…

Զի թեև ես ծառ, իսկ դու մարդ ես մի,
մեր պատմությունը նույնն է հիրավի,
ծնվում ենք հողից, սնվում ենք հողով,
հողը սիրում ենք միևնույն դողով…

Դու էլ ինձ նման արև ես սիրում,
ջրի շիթով ես ծարավըդ մարում,
ինձ նման դու էլ օդի ես կարոտ՝
լինի մութ գիշեր, լինի առավոտ…

Օ՜, մեզ օդ է պետք… Բայց ինձ՝ որպես ծառ,
ածխաթթու գազ պետք է բավարար,
քեզ հարկավոր է մաքուր թթվածին,
որ կարողանանք գործել միասին…

Որպեսզի պահենք այս մոլորակի
շնչառությունը լինի ուղղակի
թե անուղղակի անհրաժեշտությամբ՝
իմ ու քո շնչի շրջանառությամբ…

Դու արտաշնչես, որ չմեռնեմ ես,
ես արտաշնչեմ, որ դու կյանք առնես,
լրացնենք իրար, դու՝ մարդ և ես՝ ծառ,
որ հանգիստ շնչի աշխարհը արար…

 

ԵՍ ՈՒ ԾԱՌԸ

Երբ ցանկապատի հակառակ կողմից
կանաչ աչքերով հետևում ես ինձ,
հոգիս սավառնում, ամեն երեկո
ձուլվում է հոգուդ քո մաշկի ներքո…
Ու երկու հոգու սիրով ես և դու
երկինք ենք հղում ծառի ու մարդու
աղերսը հույսի, հավատը անմար՝
մենք աղոթու՜մ ենք աշխարհի համար…

Օ՜, սովորույթ է դարձել մի տեսակ
այս հանդիպումը գունատ լուսնի տակ
ու թե պատահի, թե չկայանա,
թվում է՝ քնել չեմ կարողանա…
Թվում է՝ օրըս կմնա կիսատ
ու չի լուսանա, եթե մանավանդ
բաժանման պահին հանկարծ չհիշեմ,
իմ ծառին չասեմ՝ քեզ բարի գիշեր…

Ու թե պատահի քո՝ ծառի լեզուն,
սոսափյունների մեղեդով խոսուն
ինձ չըհորդորի՝ անկողի՜ն գնա,
փակի՜ր աչքերըդ, արթուն մի մնա…
Թվում է, չի գա բարի առավոտ,
որ լույսը ցրի թախիծ ու կարոտ,
մի նոր օր բերի նոր հույսով լեցուն,
ու կյանքի կոչվեն երազներ բազում…
03-04-07