Մտածել եմ միշտ, թե ո՞ր մեկն է ճիշտ՝
ձեռքը տվո՞ղն է, թե՞ ետ առնողը։
Կշռել եմ, չափել ու ջանք եմ թափել
գտնելու համար լուծումը արդար։
Մի օր էլ հանկարծ, մեկեն ու անկարծ,
երբ ոտքըս հողին, աչքերըս մովին՝
ոչ թե մտածում, երազու՜մ էի,
լուծումը եկավ, ինքը ինձ գտավ։
-Ձեռքը ոչ տըվող, ոչ էլ առնողն է,
ձեռքը ենթարկվող ու կատարողն է,
իսկ հրամանը, օ՜, սա պայման է,
սրտից է գալիս, գլուխն է տալիս…
Ուրեմն այսպես, մտածեցի ես,
զի առնում ձեռքով, տալիս ենք ձեռքով,
արդար կարծիք է, թե այն գործիք է։
Ու անմիջապես միտքըս խաղաղվեց։
Հիշեցի իսկույն խոսքը հնագույն՝
գործերըդ արդար, ձեռքերըդ դալար։
Առնող ձեռքերի, տըվող ձեռքերի,
ամենքի համար խորհեցի երկար…
Աղոթքով լռին՝ հավատքով խորին
գութ աղերսեցի, սեր աղերսեցի,
որպեսզի մարդու գործիքը հատու
միշտ արդար գործի վճիռ կայացնի…
07-31-07