Իմ ոսկեմազիկ, հեզիկ ու նազիկ,
ոչ սովորական, արևանման
ու արևաբույր, բազմահրապույր
արևի աղջիկ՝ արևածաղիկ,
այսօր դու լուռ ես, այնպե՜ս տխուր ես։
Իմ բարակիրան, ոչ սովորական,
արևի աղջիկ, հպարտ, սլացիկ,
սաթի պես դեղին՝ արևածաղիկ,
ես հասկանում եմ քո տխրությունը։
Երբ արև չկա, ես էլ տխուր եմ։
Երբ արև չկա և դու գլխահակ՝
նրբիկ ու բարակ, դողում ես դրսում,
դողում է նաև քո քնքուշ հոգին՝
արև է ուզում, քո չափ, քեզ նման
մրսու՜մ է հոգիս ու հիվանդանում։
Ու երբ շփացած քամին անամոթ
քեզ գիրկը առած պաղ-պաղ համբուրում,
լիզում շուրթերդ, հոգիդ է լլկում
արևի աղջիկ, քո չափ, քեզ նման
մեռնել է ուզում նաև իմ հոգին…
Հայացքս հառած ամպին, երկնքին,
քո հոգու, նաև իմ հոգու համար
աղոթում եմ լուռ ու թախանձագին,
որ անձրև տեղա, արևածաղկիդ
շուրթերը, հոգին մաքրի ու լվա։
Խնդրում եմ երկնին, որ արև երկնի,
որ շողը ոսկի, արևի՛ աղջիկ,
թավիշ մարմինդ գրկի, տաքացնի,
ջերմացնի հոգիդ, որ արևաբույր
ժպտաս աշխարհին։ Որ… ես էլ ժպտամ։
04-23-2000