ԱՐԵՎԻ, ԼՈՒՍՆԻ, ՔԱՄՈՒ ՀԵՔԻԱԹԸ

 

 

Մայրս պատմում էր ժպիտով անուշ,
պատմում էր որպես իր անցյալի հուշ,
թե չար չեմ եղել մանուկ տարիքում,
շատախոսել եմ միայն օրն ի բուն։

Բայց դա չի եղել բառերի շարան
կամ հարցատարափ մի սովորական,
ոչ էլ մանկական շաղակրատություն,
այլ՝ զարմանալի մենախոսություն…

Ու հասկացել է, թե դա ձևն է իմ,
աշխարհընկալման եղանակն է իմ,
թե ես չեմ խոսում խոսելու սիրույն,
և ոչ էլ՝ իր հետ, դա խաղ է ուրույն…

Թե հորինել եմ ինքս իմ համար
ունկնդիրների մի ամբողջ աշխարհ,
շնչավորել եմ ամեն առարկա՝
շրջապատումս ինչ կա ու չկա…

Թե զարմանքներըս այս ձևով կիսել,
առանց հոգնելու հեքիաթներ հյուսել,
պատմել եմ, պատմել, ինձ լուռ լսել են,
խեղճ մայրը հոգնել, ես դեռ խոսել եմ…

Ասել եմ՝ Լուսինն ամեն իրիկուն
գրկում է ու ինձ տանում է իր տուն,
թե ընկերներս են աստղերը փայլուն,
դրա համար են աչքերըս փայլում…

Ասել եմ՝ Քամին մի տղա է չար,
գալիս, մեր այգին խառնում է իրար,
ծաղիկ ու տերև մրսում են, դողում,
դրա համար էլ հետը չեմ խաղում…

Ասել եմ՝ ես ու Արևը թաքուն
տուն-տունիկ ենք միշտ խաղում մեր բակում,
ինքը պապան է՝ այտս է համբուրում,
դրա համար ես արև եմ բուրում…

* * *
…Մայրս պատմում էր ժպիտով անուշ,
պատմում էր որպես անցյալի վերհուշ,
ու մինչև այսօր ձայնն այդ կաթոգին
մանուկ է պահում տարեց իմ հոգին…

Այսօր էլ, թեև թախիծով լեցուն,
իմ մեջ ապրում է երազով օծուն
փոքրիկ մի աղջիկ՝ այնքան հոգեթով
Արևի, Լուսնի, Քամու հեքիաթով…

Սակայն չի խոսում արդեն օրն ի բուն,
օ՜, դա վայել չէ հասուն տարիքում,
գրիչն է նրա ուզածը ասում,
սրտի լարերից քերթված է հյուսում…

Ու երբ երգերը լույս են առկայծում,
նրա աչքերը թացում են, լացում,
քանզի մայրիկը՝ սրբազան մի հուշ,
տողերի միջից ժպտում է անուշ…
06-23-05