Երազից մինչև իրականություն
Ճամփորդությունը կարող է լինել
կամ կարճ, կամ երկար, կամ հեշտ, կամ դժվար…
Խնդիրը սա չէ… Խընդիրն այն է, թե
այս ճամփորդության՝ երազից մինչև
իրականություն երթևեկության
քարտեզներ չկա՜ն։ Տոմսակ չե՜ն ծախում։
Չկա առաջնո՜րդ։ Ամեն մի ճամփորդ
ինքն է որոշում՝ ինչպե՞ս է հարմար
և ի՞նչն է հարմար իր անձի համար…
Մեկը քայլում է, երկրորդը՝ վազում,
երրորդ տեսակը հավքի է նման՝
թևով է անցնում պարիսպ ու սահման,
զի ամեն հոգու հյուսած երազը
տարբեր է մյուսից, մյուսից այլազան…
Ու կան մարդիկ էլ, որ չե՜ն տարբերում,
կարծում են միայն գիշերվա մութն է
երազը բերում՝ մեծ ախորժակով
անկողին գնում, քնու՜մ են, քնու՜մ…
Այս տեսակների տիվն ու գիշերը
իրար միանում, ծընում են շաբաթ,
հետո գըլորվում, ծընում են տարի,
շարունակվում է այսպես՝ անընդհատ…
և ոչ թե կյանքն է տարիների մեջ,
այլ տարիներն են կյանքի մեջ մտնում,
պըտըտվում են լոկ, փոխակերպվում են
իրոք անհեթեթ մի ճամփորդության,
որ չի առնչվում ոչ երազի հետ
և ոչ էլ ապրած իրականության…
Ահա թե ինչու։
Թեև ծնվում են ամենքի նման
ժամանակի մեջ ու տարածության,
այս տեսակները չեն զանազանում
կյանքն ու երազը, քանզի ապրում են
առանց ժամանակ, այսինքն այնպես,
ինչպես պատահի՝ պահի բերումով,
քանզի ապրում են անտարածություն,
այսինքն այնտեղ, որտեղ պատեհ է՝
անշարժ-ապահով… Այս տեսակները
գոյատևում են և ոչ թե ապրում…
Այս տեսակներին պտույտն աշխարհի
կարուսելի պես մի բան է թվում,
շրջանն Արևի՝ մութի ու լույսի
խա՜ղ… պահ-մը-տո-ցի՜,
ոչ թե անհրաժեշտ հերթափոխություն։
Քանի դեռ լույս է, ուտում են, ուտում,
կամ կշտանում են, կամ չեն կշտանում,
հենց որ մթնում է, հենց քունն է տանում,
անկողին վազում և երազում են
նոր երազ տեսնել իրենց երազում…
Եվ սակայն… Սակայն ճիշտ հնի նման
նորն էլ գալիս ու ոչինչ չի՜ փոխում
ո՛չ առավոտյան, ո՛չ երեկոյան…
Ոչի՜նչ չի փոխվում, զի …քընա՜ծ են հար,
քընած հավիտյա՜ն։ Եվ արթնացումը…
ի՜նչ ցավալի բան… մի կյանք է տևում,
այն էլ անցնում է, մնում ետևում…
Այսքանից հետո ի՞նչ է հետևում։
Երազից մինչև իրականություն
ճամփորդությունը՝ վայրէջք կամ վերելք,
մեկ հատ մուտք ունի և մեկ հատ էլ ելք։
Կա՞րճ է, թե՞ երկար, հե՞շտ է, թե՞ դժվար,
քայլելո՞վ կանցնես, թ՞ե կսավառնես,
ուժըդ դու՜ գիտես, կերպըդ դու՜ գիտես,
բայց պետք է փնտրես, փնտրե՜ս անպայման,
ճիշտ մուտքը ընտրես, ընտրես անսասան,
համարձակ մտնես և համակերպվես
ռիթմ ու կանոնին երթևեկության,
որ ճի՜շտ ընթանաս, որ չպատահի՝
ոտքի տա՜կ ընկնես, որ շարունակես՝
գնաս ու գտնես դուրս գալու ճամփան,
որ կայանա էն մեծ հանդիպումը
երազանքի ու իրականության…
Օրը քսանչորս ժամ ունի միայն:
Կեսը եթե տաս իրականության
և երկրորդ կեսը՝ իրականություն
դարձնելու համար երազները այն,
որ բաց աչքով ու արթուն մտքով ես
գծել այդ ճամփին, քեզ կօգնի՜ Արփին,
օրըդ կըսկըսես, օրըդ կավարտես
Արևի նման հյուսելով շղթան՝
լույսից դեպի հույս, հույսից դեպի լույս,
առավոտներից դեպի վերջալույս,
մութ գիշերներից դեպի արշալույս։
08-11-04