Իմ բարեկամը ինձ ներկայացրեց
իր բարեկամին։ Հին բարեկամիս
այս բարեկամը՝ բազում տարիներ
բարին ու չարը փորձած, հասկացած
բացառիկ մի այր, առաջին պահից
հոգիս թափանցեց, տեսավ հատակի
փոթորիկները ու պատգամ տվեց
բարեկամական, բարեկամաբար…
-Երեսդ բարձի փափուկ փետուրին
փարելուց հետո մի փութա փորել
տագնապները քո անցյալ ու ներկա։
Անքուն գիշերը չի փարատելու
մշուշը ցավիդ, փերթ-փերթ պոկելով
բզկտելու է միտքդ ու հոգիդ։
Անքուն գիշերը փարոս չէ հույսի,
քեզ ափ չի հանի… Արթուն մի մնա։
Երեսդ բարձի փափուկ փետուրին
փարելուց առաջ մտքերդ մաքրիր։
Փակիր աչքերդ, երկնի ու ծովի
պատկերը գծիր, նստիր ծովափի
ավազի վրա ու ալիքների
ձայնին ունկնդիր՝ ծովի կապույտով
չարիքը լվա։ Բարիքով լցրու
մտքիդ ու հոգուդ ամեն բջիջը,
փակիր աչքերդ ու խաղաղ քնիր…
Արթուն մի մնա, քեզ գիշեր բարի։
Նոր բարեկամիս պատգամը ոսկի՝
բարի լույսի պես, լուրի պես բարի,
որպես բալասան ես բաժանում եմ
բարեկամներիս, որ բարի լինի
ամեն մի գիշեր ու բարի ծագի
ամեն առավոտ, ամեն արշալույս,
որ ոչ ոք, ոչ ոք արթուն չմնա։
04-03-2000