Ճիշտ աչքերի պես կա՛մ կուշտ, կա՛մ քաղցած,
ճիշտ լեզվի նման կա՛մ նեկտար, կա՛մ թույն,
ճիշտ ինչպես սիրտը կա՛մ փակ և կա՛մ բաց,
ձեռքերն էլ ունեն երկու էություն…
Ձեռքը կամ կուշտ է, կամ քաղցած-ագահ,
ձեռքը քամում է կամ նեկտար, կամ թույն,
ձեռքը կամ փակ է, կամ բաց ամեն պահ,
ձեռքը իր տիրոջ պատկերն է ուրույն…
Կենսագրությունն է ձեռքը իր տիրոջ,
կպատմի՝ արդյո՞ք բարի է, թե՞ չար,
գործ անել իրո՞ք սիրում է, թե՞ ոչ
անբան մատների փունջ է ապիկար…
Մինչ սիրտը, աչքը ու լեզուն նաև,
առանձին առած և կամ միասին,
զորու են մարդու պատկեր նկարել,
ձեռքըն է խոսում իր տիրոջ մասին…
07-30-07