Մարգարտածաղկի թերթիկների մեջ,
երբ ամեն աղջիկ իր բախտը փնտրում,
երբ սրտի դողով իր հարցը տալիս
ու ծաղիկից է պատասխան խնդրում՝
սիրու՞մ, չի՞ սիրում, արդյո՞ք չի խորհում,
թե մի աղջիկ էլ ծաղիկն է խոհուն:
Երբ ամեն աղջիկ պոկում է, փետտում
թերթերը սիրուն, երբ մնում է լոկ
ցողունին կպած կոճակը դեղին
իր բախտը փորձող աղջկա ձեռքին,
տեսնու՞մ է արդյոք աղջիկը հուզված
մարգարտածաղկի սի՜րտը մերկացած:
Թե՞ պատասխանից մեկը հիացած,
մյուսը՝ ընկճված, զի մեկին սիրում,
մյուսին չեն սիրում, կոճա՜կ են տեսնում
սեր ու բախտ փնտրող աղջիկները այն,
մարգարտածաղկի բարալիկ, դողուն
ցողունին կպած կոճակը միայն:
Զգու՞մ են, սակայն, որ դեղին թեև
ու սիրտ կոչվելու չունի հարմար գույն,
չունի հարմար ձև, սի՜րտն է դողդոջուն
տրոփում հիմա իրենց ձեռքերին,
մարգարտածաղկի՝ իրենց մերկացրած
քնքուշ աղջկա սրտիկը դժգույն:
Կոճա՜կ են տեսնում, կոճակ մի դեղին,
չեն էլ հասկանում, թե ինչ են անում,
հաջորդ վայրկյանին նետում են հողին:
Իսկ ես չեմ ուզում սիրո ու բախտի
դեղին կոճակով մարգարտածաղկի
այս պատմությունը տխուր վերջանա:
Օ՜, ես չեմ ուզում իր բախտը փնտրած
որևէ աղջիկ իմ երգը կարդա,
մեղավոր զգա: Ճիշտ հակառակը:
Ուզում եմ տեսնի խորհուրդ մի խորին,
թե սիրտը դեղին չնետեց հողին,
այլ հանձնեց նրան ծնունդ տվողին:
Մարգարտածաղկի թերթիկների մեջ
ամեն աղջիկ է իր բախտը փորձում…
04-08-04