ԴԵՊԻ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ

 

 

Հիմա ավելի հաճախ եմ թերթում
մտքիս ալբոմը։ Այսօր ավելի,
քան, ասենք, երեկ։ Սակայն բացում եմ
հակառակ կողմից և արագ-արագ
սկսում վերջից, գնում դեպի ետ,
էջերը թերթում, ու հայացքս միշտ
նույն տեղն է գամվում կարոտով մի նոր,
ուր թրթռում է անդարձ օրերի
երանությունը ժամանակավոր…
Հիշողությունըս լեզու է առնում։
Ալբոմիս միջից աչքերիս դիմաց
կենդանանում է տարիների պես
տարիների հետ վաղուց համրացած
այնքան հարազատ մի հին պատմություն…

Իմ մանկությունն է աչքերիս նայում
անմեղ աչքերով, երբ աշխարհն այնքան
պարզ էր ու հստակ, ամեն ինչ շիտակ,
ամենքը իրար նման, հավասար,
իսկ բաժանելու միակ առարկան
խաղալիք էր լոկ մի սովորական,
կամ էլ մի նախշուն, փայլուն ինչ-որ բան,
երբ այստեղ վիճում ու այնտեղ զիջում,
մի պահ բռնկվում ճիշտ լուցկու նման
ու լուցկուց արագ նույն պահին մարում,
որքան ավելի հաճախ խռովում,
այնքան ավելի անուշ էր թվում
ամենադառը արցունքը անգամ՝
հաշտության գրկում իրար ներելիս…

Մտքիս ալբոմից աչքիս է նայում
տարիների մեջ վաղուց դալկացած,
բայց չխունացած գույնը մանկության
մի նոր երանգով՝ խառնըված թախծի
ու կարոտի հետ, մի այլ հմայքով
հոգիս կախարդում հասուն տարիքում,
ու հեռուների անտես արևից
ասես նոր լույս է դեպի ինձ հորդում…

Մանկության հուշը ո՞վ կմոռանա
Եվ մոռացումը մի՞թե ուրացում,
իսկ ուրացումը մահ չէ՞ պարզապես։
Ես չեմ հավատում, թե կա մոռացող։
Եթե կա իրոք, ո՞վ է այդ դժբախտ,
տխուր մարդն արդյոք… Օ՜, ես չեմ ուզում,
չեմ կարող տեսնել անձնասպանության
նման օրինակ՝ ուրացող էակ,…
Եթե կա իրոք, ուզում եմ նրան
հիշեցնել կրկին, թե մանկությունը
թռչուն է անգին: Հենց որ պահը գա,
անպայման պիտի թռնի՜, հեռանա՜…
Բայց լույսը նրա ապրում է արթուն,
քանի արթուն է կարոտը մարդու։

Կարոտը խորհուրդ ունի անմեկին՝
երբ կարոտում ես՝ առողջ է հոգին,
երբ կարոտ ունես՝ հույսը չի մեռնում,
երբ կարոտ ունես՝ դու էլ չես մեռնում…
05-29-04