Ես շնորհ չունեմ, իզուր չեմ փորձի,
վրձինն իմ ձեռքով հրաշք չի գործի,
ներկն իմ բանը չէ…
Ես գրել գիտեմ, բառերով միայն
նկարել գիտեմ շարժում, գույն ու ձայն։
Բառն է իմ ուժը…
Կորացած մի ճյուղ, անտերև, անզարդ,
վրան թառամած, չորացող զույգ վարդ՝
մեծ մոր ձեռքերը…
Նորածիլ մի ճյուղ, կանաչ, բողբոջուն,
վրան զույգ կոկոն դեռ փակ, դողդոջուն՝
թոռան ձեռքերը…
Նույն թփին ապրող անցյալ ու ներկա,
մեկը գնում է, մյուսը պիտի գա,
որպեսզի գնա…
Ես ժամանակն եմ այսպես նկարում
երեք տողի մեջ, շարժում արարում
բառի խորհուրդով…
Ես շնորհ չունեմ, իզուր չեմ փորձի,
վրձինն իմ ձեռքով հրաշք չի գործի։
Իմը գրիչն է…
07-06-05