Ես չեմ վախենում դժվարությունից,
իսկ եթե կուզեք՝ նույնիսկ սիրում եմ։
Ոչ այնպես, ինչպես հացն են սիրում,
այլ՝ ինչպես աղը, մի պտղունց աղը,
անբաժանելի բաղադրությունը
հացի խմորի։ Ու թե մինչ այսօր
որևէ գրքում չի տպագրված,
ես ահավասիկ հայտարարում եմ՝
դժվարությունը աղն է կյանքի։
Ես չեմ վախենում դժվարությունից,
իսկ եթե կուզեք՝ այն ընկալում եմ
որպես էական անհրաժեշտություն։
Դժվարությունը նմանեցնում եմ
հսկա մի մաղի, որի բազմաթիվ
փոքրիկ անցքերից պստիկ ու մստիկ
գոյությունները հատակ են մաղվում՝
հրաշք սպասում ձեռքները ծալած,
մինչդեռ մեծերը շարունակում են
վերելքի ուղին՝ մի նոր բարձունքի
երազով արբած, երբեք չեն կանգնում,
չեն հուսահատվում, մագլցում են վեր…
Ես վախենում եմ դժվարությունից
վախեցող մարդու անշարժությունից,
հեշտ գործը անգամ դժվար դարձնելու
միշտ պատրաստակամ դժգոհությունից։
Ես չեմ վախենում ձախորդությունից։
Հողմ թե փոթորիկ, որքան էլ սաստիկ,
եթե ոչ այսօր, վաղը անպայման
պիտի դադարի։ Ձախորդությունն էլ
փոթորկի նման կգա ու կանցնի։
Ես վախենում եմ ձախորդությունից
վախեցող մարդուց, որ տաք անկյունում
միշտ պատսպարված, առանց պայքարի,
ապրում է հանգիստ՝ գոհ ինքն իրենից։
Ես վախենում եմ այս տեսակ մարդկանց
ինքնանպատակ երջանկությունից։
Եվ նամանավանդ ես վախենոմ եմ
մարդ արարածի այն թյուր տեսակից,
որը չգիտե ու չի իմանում, թե ոչի՛նչ գիտե։
Ես վախենում եմ այս տեսակ մարդկանց
սահման չունեցող տգիտությունից,
իմաստուն մարդուն արհամարհելու,
հաճախ էլ նույնիսկ անամոթաբար
պախարակելու անբժշկելի
հիվանդությունից՝ հանդգնությունից։
05-05-2000