Ես սավառնում եմ… Իսկ դու մի շտապիր
նախքան լսելը ծաղրուծանակել,
թող, որ վերջացնեմ իմ ասելիքը։
…Մարմինն ի՞նչ է որ, մի քանի տասնյակ
տարիների հյուր այս հողի վրա։
Մի քառակուսի, որը գլորվում
ու վերջացնում է իր պատմությունը։
Այս չէ՞ մարմինը. փաթաթվում սրան,
հրում է նրան, ատում երրորդին,
չորրորդին՝ սիրում (բայց արդյո՞ք սիրում),
մի քիչ հասկանում ու հիմնականում
չի էլ հասկանում ինչը հասկացավ,
բայց… բարբառում է բարձր նյութերից։
Այս նույն հանճարը կարո՞ղ է գոնե
իմ չափ՝ անճարակ, մեկ-երկու բառով
հոգին սահմանել։ Հոգին անսկիզբ,
հոգին անվախճան, տիեզերքի մեջ
մեկ այլ տիեզերք անսահմանության…
Ես ավարտեցի իմ ասելիքը, հիմա ծիծաղիր։
Ես սավառնում եմ։ Իսկ դու՞, կարո՞ղ ես։
Եթե կարող ես, պահն հավերժացրու,
սավառնիր ինձ հետ՝ լցրու անդունդը
մենություններիդ, մենություններիս…
Եթե կարող ես, լռել սովորիր,
որ չթելադրես, որ ես ի՛մ կամքով
իշխանությանդ հպատակ դառնամ
և քեզ առաջնորդ կարգեմ թռիչքիս։
Եթե կարող ես, ինձ քո բազեի
թևերին առած՝ ամպ ու աստղերից
վերև սլացրու, հազարամյա այն
ծեսի փոխարեն, եթե կարող ես,
տիեզերակա՜ն հարսանիք արա։
Եթե կարող ես, ամպի շղարշից
ձևիր հագուստս, արևից ձուլիր
օղակդ սիրո, երկինքը՝ խորան,
աստղերն՝ հարսնաքույր,
լուսինը կարգիր պսակիդ վկան…
Եթե կարող ես, այնպե՜ս աղոթիր,
որ Տերը լսի ու հավերժացնի
տիեզերական այս սիրո շղթան։
01-02-2000