ԵՐԱԶ ՈՒՆԵՄ

 

 

Մեկ, երեք, հինգ, յոթ, ապա և ինը գրեցի թղթին,
բայց ոչ հենց այնպես, ինքնանպատակ կամ հանուն խաղի։
Մեկը գրեցի ի նշանաբան Արարչին մեր Տեր,
երեքը՝ կյանքի խորհուրդը խորին՝ հույս, հավատ ու սեր,
հինգը՝ պարզապես ներկայացնելու հինգ ըզգայարան
և մարդ կոչվելու բաղադրատոմսը անպայմանական,
յոթն, ո՞վ չգիտե՝ առասպելների ու հեքիաթների թիվը մոգական,
և ինը, երբ յոթ զավակների ու սյունի հետ իր տան
սեղան էր նստում հպարտ հայուհին արծըվի նման։
(Երանելի այն օրերն անցյալի արդյոք ետ կգա՞ն):

Ի՞նչ եմ կարոտում, ի՞նչ երազ ունեմ եթե հարցնեին,
մեկ, երեք, հինգ, յոթ և ապա ինը պիտի ասեի։
Մեկ՝ հավատարիմ մնանք մեր Աստծուն և չկասկածենք,
երեք՝ մեր հույսը, հավատն ու սերը միշտ անեղծ պահենք,
հինգ և նույնիսկ վեց զգայարաններով իրար զորավիգ՝
յոթ զավակի տեր, ինը շունչ դառնա ամեն ընտանիք,
ինը՝ հայուհին հայոց սուրբ հողու՛մ թող տունն իր կազմի,
յոթ կորյունների ու առյուծի հետ սեղան թող բազմի,
յոթն անգամ յոթը ճյուղով կանաչի ամեն գերդաստան,
թշնամու սիրտը ահից պատռվի, երկի՜րս Հայաստան։
09-23-2000