ԵՐԳ ԵՐԿՐՈՐԴ՝ ՄԻ ԹԱՔՆՎԻՐ ԽՈՏԵՐԻ ՄԵՋ…

 

 

Փողոցներում աղմուկները վաղուց մարել,
ու թվում է ողջ աշխարհը մտել է քուն,
ինձ թվում է միայն ես ու դու ենք արթուն…

Ես կանգնած եմ պատշգամբում, դու՝ ո՞վ գիտե,
ինչ-որ տեղից դու երգում ես այս ուշ ժամին,
քո համերգը չի խանգարում նույնիսկ քամին…

Փոքրիկ ծղրիդ, տեղըդ ասա, քեզ միանամ,
հոգնած հոգուս բալասան է ձայնըդ ասես,
այս ուշ ժամին այն հնչում է սաղմոսի պես…

Դու երգում ես միապաղաղ ու անդադար,
ես չգիտեմ ի՞նչ ես ասում, ի՞նչ ես ուզում,
գիտեմ, սակայն, ինչ-որ բան է քեզ էլ հուզում…

Հազար ափսոս, քեզ չեմ տեսնում, փոքրիկ ծղրիդ,
ու չեմ կարող քեզ մոտենալ, հետըդ խոսել,
քո հույզերն ու այս գիշերը հետըդ կիսել…

Բայց դու՜ արի, դու՜ մոտեցիր, տեղըս գիտես,
քո երգերի գաղտնիքները ինձ բաց արա,
ես ուզում եմ ճանաչել քեզ, մի վախենա…

Դու՜ մոտեցիր, մեկնաբանիր քո մեղեդին,
բացատրիր այդ ի՞նչ ես կրկնում հար ու անվերջ,
վստահիր ինձ, մի թաքնըվիր խոտերի մեջ…
03-29-07