Օ՜, ես գիտեմ, շաղակրատ չես ամենևին,
և ձանձրույթից չես հորինել երգդ անմեկին,
հազարամյա այն մեղեդին՝ միշտ հին, միշտ նոր,
որ լսվում է գիշեր ու տիվ և ամեն օր…
Փոքրիկ ծղրիդ, անդուլ երգիչ, ձայնըդ անվերջ
նոր օրերի ահագնացող աղմուկի մեջ,
գիշերների մոլորեցնող մութ-խավարում
ինչպե՞ս է, որ չի խլանում ու չի մարում…
Եվ ինչու՞ ես թփերի մեջ միշտ թաքնըված,
մենակյա՞ց ես, թե՞ պարզապես քիչ ամոթխած,
աշխարհի հետ խի՞նդդ ես արդյոք փորձում կիսել,
թե՞ վշտերըդ, չհասկացա դեռ այդպես էլ…
Թե ուրախ ես, խինդը հաճախ մունջ է ու լուռ,
իսկ քո ձայնը հարատև է և ամենուր,
թե տխուր ես, տառապանքդ ես եթե երգում,
ախր լացը և ոչ մի ցավ չի ամոքում…
Բայց դու երգիր մութից մինչև լույսը արդար,
ինչ էլ երգես՝ ուրա՞խ, թախծո՞տ, ձայնդ անըսպառ,
ես քեզանից ամենևին չեմ ձանձրանում,
երբ դու լուռ ես, իմ տխրությունն է թանձրանում…
03-23-07