ԵՐԿՈՒ ՄԱՐԳԱՐԻՏ

 

 

Երեք որդով էր կամրջել նրանց
թագն ու պսակը Տերը ողորմած,
և ամուսնական ամոլի համար
ամեն անցնող օր տոն էր ու խնճույք,
օջախը անշուք՝պալատ իսկական։

Երջանիկ էին ու սիրով արբած
թե՛ այր և թե՛ կին, երբեմն միայն
աղոթքի պահին իրարից ծածուկ
դիմում երկնքին, հուշիկ, կամացուկ
հարցընում էին, թե ինչու՞ Աստված
չտըվեց նրանց այնքան երազած
աղջիկն անուշիկ, հետո երկնչում
և ներում էին սրտանց աղաչում
ու հնազանդված Աստըծո կամքին՝
գալիքի նախշուն երազը հյուսում՝
ըսպասում սիրով, թե երեք դստրիկ
կունենան մի օր երեք հարսերով։

***
Տարիներն անցան։ Երեք հարսները
հույսի, հավատի ու սիրո երեք
հրեշտակների պես անուշ խնդություն
բերին իրենց հետ, եռապատկեցին
համն ու հոտը տան։ Հետո թոռնիկներ
ծնվեցին հերթով՝ թուխմազ մանչուկներ
սևուկ աչքերով, օջախը լցվեց
խինդ-ճռվողյունով։ Բայց ուշանում էր,
աշխարհ չէր գալիս պապի ու տատի
երազը քնքույշ՝ թոռնուհին անուշ…

Պապը հուզված էր։ Դժվար էր ասել,
թե ի՞նչ էր խորհում։ Մեկ աչքը ժպտում,
մյուսն արտասվում էր, ու երկուսից էլ
արցունք էր հորդում… մեկից ցնծության,
մյուսից կարոտի մարգարտահատիկ…

Ընկեր, բարեկամ՝ ամենքը եկան,
Մարգարիտ տատը ներկա չէր միայն։
Չտեսավ, թե նոր ծնված երեխան
մի ոսկեմազիկ աղջիկ էր սիրուն,
կապուտաչ-նախշուն՝ճիշտ իրեն նման։
Ա՜չքը չըտեսավ… Բայց անհուն երկնի
խաղաղության մեջ սուրբ հոգին դողա՜ց,
լույսի շողի պես վերերից ձգվեց,
դեպի վար լողաց, թևածեց օդում,
թոռանը փարվեց, փարվեց ամուսնուն…

…Ծերունին ցնցվեց։ Այնքան կարոտած
պատկերը ցոլաց մի պահ իր դիմաց
ու նրան թվաց՝ սիրասուն ձայնը
ականջին ասաց՝ նոր Մարգարիտդ
պիտի ամոքի սիրտըդ կոտըրված…

***
…Ալեհեր պապը կանգնել էր բակում՝
փոքրիկ օղակից օճառաջրե
պղպջակներ էր փունջ-փունջ արձակում,
և Մարգարիտը՝ ինքը մի թիթեռ,
ցատկոտում էր վեր, փորձում էր բռնել
արևի պես-պես գույներով փայլող
գնդերը նախշուն, որ հանդարտ թռչում
ու փախչում էին թիթեռների պես…

Այսպես ժամերով շարունակվում էր
պապի ու թոռան խաղը սրտահույզ՝
պապիկը փչում, աղջիկը թռչում,
որսում, փակում էր պըղպըջակներն այն
մեջը իր բռան, հետո զարմանում՝
այդ ինչու՞ նրանք խաղում են օդում,
իսկ իր ձեռքրի մեջ հալչում են, կորչում՝…

…Ես անշարժացել, տանս պարտեզից
հետևում էի այդ անուշ խաղին։
Չգիտեմ սակայն ո՞րն էր ավելի
իմ սիրտը հուզել՝ մանուկի՞ խինդը,
թե՞ մանուկ դարձած իմ ծեր դրացին։

Ես գիտեմ միայն՝ իմ ցանկապատի
քարերին հենված մոռացել էի
հոգսերըս համայն, նրանց հետ խաղում
ու սպասում էի, որ գոնե երկու
փայլուն պղպըջակ իմ պարտեզը գան՝
մեկը աջ ձեռքիս ու մյուսը ձախիս
թաց համբույրներ տան, որ դրացուս պես
մի քանի վայրկյան ես էլ մանկանամ…
03-24-04