ԵՐԿՈՒ ՄԵՂԵԴԻ

 

 

Բանաձև, դեղատոմս կամ նման ինչ-որ բան
չի եղել ու չկա և չի էլ լինելու։
Ամեն ոք իր նման, իր ձևով, իր չափով է սիրում.
միշտ այսպես է եղել, այսպես կա, այսպես է լինելու։

Այս նախաբանից, խրատականի՞ց,
ո՛չ, ավելի ճիշտ՝ այս բնաբանից,
որը քաղվածք էր ոչ թե ուրիշից, այլ հե՛նց ինձանից,
չըեզրակացնեք,
թե սիրո մասին ճառ պիտի լսեք։
Դա ուրիշ անգամ։
Հիմա պահըն է երաժշտության։
Երջանկության խենթ մի ակնթարթի
մեղեդին պիտի հոգու մեջ կաթի
երկու մեկնությամբ՝ երկու երգի հետ,
որից երկրորդը ես եմ արարել,
որ պատասխանն է առաջին երգի,
որ ե՛ս չեմ գրել,
բայց իմն է եղել ծննդյան օրից
և իմն է հիմա՛, այսքա՜ն տարի անց,
զի՝ կորցըրել է հեղինակային
իր իրավունքը։

Հուսամ, ձեր միտքը չխճողեցի,
Այսպես ուրեմն, ես սկսեցի…

 

ՄԵՂԵԴԻ ԱՌԱՋԻՆ

Աստղիկ, իմ դիցուհի, մատների տակ քո նուրբ,
ճերմակ ու թափանցիկ,
դու զգացիր ինչպես աճեց խաղողը իմ սրտում,
որթը փաթաթվեց կարոտիս…

Ու իմ հոգու ոսկե հնձաններում
դու ճմռեցիր խաղողը,
ինձ խենթացրեց ճերմակ ու թափանցիկ
քո մատների գինին…

Մի խենթ քամի անցավ պարտեզների միջով,
ոզնին փախավ, կորավ տերևների մեջ չոր…
աշուն իջավ՝ խելահեղ մի աշուն,
և կծկվեց սիրտս իր շուրջն աճած սիրո ոստերի սեղմումից…

Աստղիկ, իմ դիցուհի,
սիրտն իմ անխելք, տկար,
արդ բաբախում է խենթ,
տենչում գինին ու լույսը մատներիդ…

 

ՄԵՂԵԴԻ ԵՐԿՐՈՐԴ

Թե Աստղիկդ էի, երկինքս էիր դու,
ու թե դիցուհի՝ գիրկդ էր դիցարան,
թե սառույց չէին մատներս ճերմակ
ու կարողացան կարոտդ զգալ,
քո ձեռքերի մեջ նրանք ջերմացան…
այլապես ինչպե՞ս քո հնձաններում
պիտի քամեին խաղողը սիրույդ
ու արարեին գինին կարոտի…

Աշուն էր, կարմի՜ր, խելահեղ աշուն,
խենթ քամին քշեց տերևներ նախշուն,
վախեցած ոզնին փշագունդ դարձած՝
խշշուն թփի տակ գլորվեց, գնաց…

Ծիծաղելի էր, բայց մենք տխրեցինք,
ես՝ քո Աստղիկը, ես՝ քո դիցուհին,
դու՝ իմ երկինքը ու արևը իմ…
ես՝ կրծքիդ փարված, սրտիդ խենթացած,
սրտիդ խենթացնող զարկից նվաղած,
դու՝ առանց գինու, մատներիս գինով
ու լույսով արբած…
01-24-2002