-Ես այլևս ուժ չունեմ, էլ չեմ դիմանում այս պարահանդեսների աղմուկին, նշանդրեք-հարսանիք-կնունքների ձևապաշտության մոլուցքին,- տրտնջաց մի օր Շաբաթը և ձայնն ավելի բարձրացնելով՝ հայտարարեց,- էլ չեմ կարող։ Վերջ։
Կիրակին համբերությամբ լսում, մտածում էր՝ խեղճը պարզապես հոգնել է, թող խոսի, թեթևանա։
-Ես չեմ հասկանում,- բորբոքված իր բողոքն էր շարունակում Շաբաթը,- սրանք քեֆ-ուրախությունից զատ մի՞թե ուրիշ անելիք չունեն։ Ես հրաժարվելու եմ նրանց պարապ հաճույքներին նվիրել թանկագին ժամանակս։ Ի՞նչ է, ուրիշ օրեր չկա՞ն, թող ինձ հանգիստ թողնեն։
Կիրակին, որ ավելի փորձառու էր և շատ ավելի բարյացակամ, վերջապես բացեց բերանը.
-Ինչու՞ ես կարծում, թե ողջ ծանրությունը քո ուսերին է։ Դու զբաղված ես երեկոները միայն, կեսգիշերից հետո քնում-խռմփացնում ես։ Իսկ ե՞ս։ Չէ որ ես
ամբողջ օրն եմ տանջվում՝ վաղ առավոտյան խաշ-խորովածից մինչև քո ասած կեսգիշերային խնճույքների ավարտը։ Դեռ ստիպված եմ նախատինք էլ լսել՝ էս անտեր կիրակին ի՜նչ շուտ եկավ-անցավ, բան չհասկացանք։ Սրա՞ն ինչ կասես։
Շաբաթը արդեն խաղաղվել էր։ Կիրակին հանգիստ շարունակեց իր խոսքը.
-Եվ վերջապես, դու մոռանում ես, թե մարդիկ որքան են սիրում ու սպասում մեզ, օրերով պատրաստվում հանդիպման։ Իսկ տեսե՞լ ես մեկին, որ չբամբասի, չասի, թե ատում է Երկուշաբթին, տանել չի կարող։ Հապա երեխանե՜րը։ Գիտե՞ս ինչեր են ասում խեղճի հասցեին։ Չէ, ավելի լավ է մենք չարչարվենք, մարդիկ էլ ուրախանան ու հանգստանան, թե ոչ… թե ոչ մեր բարեկամ Երկուշաբթին նրանց անեծքից կհիվանդանա ու կմեռնի, Ուրբաթը չի գա, այլևս չի լինի ո՛չ Շաբաթ, ո՛չ Կիրակի… Համաձա՞յն ես։
-Կեցցե՜ Երկուշաբթին,- գոչեց Շաբաթը և այդուհետ երբեք չգանգատվեց իր ճակատագրից։