ԶՂՋՈՒՄ ՉՈՒՆԵՆԱԼ

 

 

Շատ շատերի պես ապրել եմ ես էլ
լավը հուսալով, ինքս ինձ ասել՝
փառքըդ շատ, Աստված, որ քչից-շատից
բաժին հանեցիր, շնորհեցիր ինձ…

Շատ-շատերի պես երբեմըն ես էլ
հայելուն նայել, չեմ հավատացել,
իսկույն ներկել եմ ճերմակ թելերը,
որ վար չկախվեն հոգուս թևերը…

Ու շարունակել, հավատքով խորին
աղոթել եմ միշտ մտքումըս՝ լռին,
շատ-շատերի պես վայելել եմ դեռ
աշխարհի համը այսքան տարիներ…

Այսօր էլ դարձյալ աղոթք եմ համակ
ու թաքուն հարցում միաժամանակ,
քանզի Դու՜ գիտես և ուրիշ ոչ ոք՝
իմ ճանապարհը երկա՞ր է արդյոք…

Օ՜, ես ուզում եմ դեռ լավը հուսալ,
դեռ որոնում եմ երազ ու մուսա,
կյանքն ընդունում եմ սիրո անունով,
որ խաղաղ հոսեմ աշխարհի հունով…

Արածիս համար ես չեմ ափսոսում,
չարածս է միայն հոգիս ակոսում,
հենց սրա համար աղոթք եմ համակ
ու չասված հարցում՝ ունե՞մ ժամանակ…

Աշունըս արդյո՞ք կըդառնա ձմեռ,
պիտի՞ վայելեմ ճանապարհըս դեռ,
թեկուզ դանդաղած՝ իմ գետի ջուրը
պիտի՞ հասցընեմ օվկիանի դուռը…

Ոչինչ, թե շունչըս քիչ-քիչ ծանրանա,
ես չեմ բողոքի ու չեմ ձանձրանա,
ինձ ինչ, թե շատեր կանիծեն միայն,
«անհամ ծերություն» կանվանեն նրան…

Ես հասունության պարտքերըս կտամ
քանի շունչ ունեմ, քանի կարենամ,
որ ինձ չմնա և ոչ մի զղջում
չարածիս համար՝ օրերիս վերջում…

Ես սիրո՜, հույսի՜ երգը կգործեմ,
հավատի թելը լոկ կըգործածեմ,
որ լույսը քայլի ինձ հետ՝ միասին,
որ չմտածեմ վախճանի մասին…

Որ հանգիստ փակվեն աչքերըս խոնջած,
որ աստղըս հանդարտ մարի, սահի ցած,
որ մութը լինի շահած օրհնություն,
չլինի լույսի վերջավորություն…

* * *
…Ես մութից առաջ մի մոմ կվառեմ,
երգերըս հատ-հատ դեմըս կշարեմ,
մեկ անգամ նորից կողջունեմ նրանց
տողերում ապրող հուշերիս անդարձ…

Կասեմ՝ իմացե՜ք, ձեզ դժվար շահել,
անթեղել էի, հոգումս պահել,
մինչ հասունացաք ու հասունացա,
մինչ թացն ու չորը զատել կարեցա…

Մինչ բարին հաղթեց մարմնով ու հոգով,
չարն իրեն կախեց սեփական թոկով,
հունձքըս որոմից մինչ ձերբազատվեց,
ամենից առողջ հունտըս ազատվեց…

Ձեզ գուրգուրեցի, դուք մարմին առաք,
ձեզ թև տվեցի, տնիցս թռաք,
իմն էիք, սակայն, կամա-ակամա,
դուք ամենքին եք պատկանում հիմա…

Ես բավարարված-լեցուն եմ այնքան,
զի բաժանել եմ գանձերս համայն,
տալիք-առնելիք այլևս չունեմ,
հենց մոմըս մարի, հանգիստ կքնեմ…

Եվ դա կլինի պարտություն մութի,
և չի արտասվի աչքը կապույտի,
զի լույսը կիջնի երկնքից անհուն
ու իր գիրկն առած՝ ինձ կտանի տուն…
03-15-07