Ի՜նչ հրաշք ես դու, ով մայր բնություն,
ի՜նչ անմեկնելի կատարելություն,
ինչպե՞ս հղացար գյուտը հղության,
շնչի ու կենաց շարունակության…
Ի՜նչ անքննելի հայտնագործություն,
ինչպիսի՜ հրաշք, ին՜չ ներգործություն,
անտեսանելի հյուլեն սերմանել,
ամեն գոյի մեջ նոր կյանք սահմանել…
Աշխարհարարման առաջին օրից
վերահաստատվել նորից ու նորից
ամեն էակի ու գոյության մեջ
և այսպես դարեր՝ հար ու անընդմեջ…
Զրուցի՜ր ինձ հետ, ի՞նչ հրաշք է սա,
օգնիր հասկանալ, բացատրի՜ր, ասա՜,
այս ի՜նչ խորհուրդներ, այս ինչ ու՜ժ ունես,
անէացել եմ տարերքիդ ի տես…
Տարրերի խառնուրդ՝ հող, օդ, ջուր, կրակ,
միատեղված ու իրար հակառակ
նույնժամանակյա դասավորություն,
ի՜նչ անքակտելի ներդաշնակություն…
Դու՝ հավերժական ակունք ու աղբյուր
փոքրիկ և կամ մեծ ամեն էության,
և՛ անխոնջ վարպետ շնորհներով բյուր,
և՛ ուսուցչապետ ամեն գիտության…
Ես՝ մի անցավոր, մի հյուլե չնչին,
ծարավ աշակերտ տարերքիդ դիմաց,
ո՜վ հրաշակերտ, անսա՜ իմ կանչին
և խորհուրդներիդ դասագիրքը բաց…
Քո գաղտնիքների իմաստն անմեկին
չեմ հարցաքննում, պարզապես ասա՝
ինչպես նայեմ քեզ, որ հոգու աչքն իմ
անտեսանելի շարժումդ որսա…
Որ միայն չզգամ, որ նաև տեսնեմ
արևալույսիդ հրեղեն խաղը,
երբ սիրտս մարի, ձգվեմ ու հասնեմ,
շողըդ ջերմացնի արյունիս պաղը…
Լսողություն տուր մտքի՜ս ականջին
և ուսուցանիր, որ լինի հասու
քո անլսելի մեղեդու կանչին՝
քո ներդաշնության ձայնը որսալու…
Որ սոսկ չհուզվեմ, որ նաև հյուսվեմ
ծառ ու սաղարթիդ անուշ նվագին,
երբ ցավի ծովում լողամ ու սուզվեմ,
երգիդ հնչյունը փրկի իմ հոգին…
Օ՜, ոչ, չեմ միտում, բնավ չեմ միտում
քո անքննելի գաղտնիքն իմանալ։
Քեզ, հրաշագործ, դիտում եմ, դիտում,
զորու եմ միայն անխոս հիանալ…
Խոնարհվել քո դեմ, դու՝ հավերժական
այս մեծ աշխարհում, իսկ ես՝ մի կենվոր,
դու ուսուցչապետ հար ու մշտական,
ես՝ աշակերտըդ ժամանակավոր…
06-01-05