ԶՐՈՒՅՑ ՑԱՎԻՍ ՀԵՏ

 

 

Ես կյանքի ծովում փխրուն մի ալիք,
ցավը՝ փոթորիկ իմ միջից անցնող,
որ ինձ դարձնում է անկամ խաղալիք,
շունչս՝ հառաչանք ու երգերս՝ դող։

Բայց ցավը միայն ցավեցնել գիտե,
նա չի իմանում կարևոր մի բան՝
մարմինս նրա բույնն է եթե,
հոգուս տու՜նն է երկինքը համայն։

Եվ ես ցավիս հետ զրույց եմ անում,
երգիս գաղտնիքը պարզում լուսեղեն։
-Դու ինձ տապալել չես կարողանում,
զի մարմնիս մեջ ես թաղված հողեղեն։

Իսկ հոգիս, հոգիս թռչու՜ն թևավոր,
վեր է սավառնում հե՛նց ցավի պահին,
ազատվում է իմ մարմնից վիրավոր,
ճախրում է, երկնում՝ երգու՜մ է կրկին։

Երգում է, օրհնում ժամը երկունքի
ու խղճում է քեզ, քանզի չգիտես,
ձեռքիդ է թեև ղեկը նոր կյանքի,
բայց ամեն ծնունդ մահ է բերում քեզ։

Դու փոթորիկ ես եկող ու անցնող,
դու ներկա միայն, որ չունի գալիք,
ես երգ եմ հյուսում ցավը մոռացնող,
ու հոգիս այնքան գանձ ունի տալիք։
05-06-2002