ԷԼԵԳԻԱ

 

 

Ասում են՝ վիշտը սիրում է խոսել,
ինչու եմ հապա անձայն մորմոքում,
արցունքս էլ ասես չի ուզում հոսել,
սառույց է դարձել աչքերիս խորքում։

Այս լռությունը սիրտ է փլուզում,
ապառաժի պես ծանր է գալիս,
անողոք ցավը կասել եմ ուզում,
վիրավոր հոգիս ինձ ուժ չի տալիս։

Ոչ արցունք, ոչ երգ, ոչ էլ խոսք վսեմ
մեզ պատած սուգը չի ամոքելու,
քույր իմ, քո ցավը ե՛ս պիտի կիսեմ,
իմ վիշտը դու՛ ես մխիթարելու։

Զարթնող հուշերի կանչին անձնատուր՝
եկ, ականջ դնենք անցյալի հևքին,
հիշատակների փնջով խնկաբույր
բալասան բերենք իմ ու քո վերքին։

Մահի մշուշից էլ չտրտնջանք,
հավերժի ճամփան հուշով զարդարենք,
նստենք դեմ դիմաց՝ աղոթք մրմնջանք,
սուրբ հոգու համար լույս մոմեր վառենք…
02-01-2002