ԷՔՍՊՐՈՄՏ

 

 

Թե ի՜նչ մտածեց կաթիլը փայլուն,
մեծամտացավ, որոշեց թաքուն
իր ամպ մայրիկից պոկվել-հեռանալ,
թռչունի նման օդում սլանալ։

Թռավ։ Պտտվեց գլուխը սակայն։
Ամպը ցած կախվեց, որ փրկի նրան։
Չկարողացավ։ Անհույս, զայրացած՝
փշրվելու՜ ես՝ վերևից գոռաց։

Ա՜խ, փշրվեցի՜, արձագանք տվեց
կաթիլը վարից, գետին զարնըվեց,
և փայլուն մարմնից չոր հողին մնաց
աստղաձև, անփայլ իր պատկերը թաց։

Հաջորդ վայրկյանին սա էլ վերացավ՝
հողը ցամաքեց, տեղը չորացավ…
Կաթիլի կյանքի այս պատմությունը
ինչպես սկսվեց, այնպես վերջացավ։
07-24-03