ԹԵ ԿԱՐԵՆԱՅԻ

 

 

Թե կարենայի
ճանապարհների ընկերը դառնալ,
տաղտուկն առօրյա մի քիչ մոռանալ,
միանալ նրանց սլացք-գնացքին,
անխռով ձուլվել նրանց ընթացքին։

Թե կարենայի
այս ճանապարհով լեռների լանջի
ծաղիկների մեջ ու թարմ կանաչի
մի քիչ մանկանալ, մի քիչ խենթանալ,
մի քիչ մաքրվել, նորից մարդանալ։

Թե կարենայի
այս ճանապարհով սարը բարձրանալ,
գագաթը հասնել, երկնին մերձենալ,
վարի հոգսերը վերից նժարել
ու աշխարհի հետ մի քիչ հոժարել։

Թե կարենայի
այս ճանապարհով տունդարձին ինձ հետ
անդորրը տանել, պահել առհավետ,
խաղաղությունը լեռների տանել,
մաս-մաս բոլորին բաշխել, բաժանել։

Թե՜ կարենայի։
09-13-2001