Երեք շաբաթ Լոնդոնում հյուրընկալվելու եմ զարմիկիս տանը, և տոմսը նվեր է ծննդյանս տարեդարձին։ Ի՜նչ երանություն։
Ինձ դիմավորում է նրա կինը՝ Քյարոլայնը, «Էսթեր» գրությամբ մի ցուցանակ բռնած։ Տարիներ առաջ կարճ հանդիպում էինք ունեցել Լոս Անջելեսում։ Սա երկրորդն էր լինելու։
-Ինչ կըլլա, ինչ չըլլար… Ապահովության համար ցուցանակով եկա։
Հասնում ենք տուն, խմում սուրճը, ուզում եմ նվերներս հանձնել։ Բայց…
-Ուրիշի ճամպրուկն եմ բերել… ի՞նչ պիտի անենք,- մրմնջում եմ հուսահատ։
-Այս մեկը պիտի ետ դարձնենք, քուկինդ առնենք, գանք՝ երեք շաբաթ իրար պիտի վայելենք,- գործնական խոսում է Քյարոլայնը և ուշադրություն չդարձնելով շփոթմունքիս, դիմում է ամուսնուն,- Հովհաննես, գացինք։
Ճամպրուկս, մեն-մենակ ողջ սրահում, վիզը ծուռ՝ ինձ էր սպասում…
…Զարմիկս սրտիս կտորը՝ արվեստի, գրականության, երաժշտության մարդ է։ Գիտեի, թե ի՜նչ հաճույք էի ստանալու նրանից, ի՜նչ վայելք էի ունենալու։ Եվ ունեցա։
Քյարոլայնին չգիտեի։ Բայց շուտով համոզվեցի, թե հարազատ եմ գտել։ Ու չզարմացա, երբ խոստովանեց, թե ինքը ևս մտահոգ է եղել։
-Գիրքդ կարդացեր, սիրեր էի բանաստեղծություններդ։ Սակայն վախ ունեի՝ օրը 24 ժամ իր վրա խոսող բանաստեղծուհի մը չըլլա… Բարեբախտաբար՝ չես։ Նոր քույր գտա… Հաճոյախոսություն չէ ըսածս։ Շատ աղվոր ժամանակ պիտի ունենանք։ Միայն օդը չըդավաճանե…
Գրեթե ամեն օր միասին էինք՝ Լոնդոնի պատկերասրահներում ու տեսարժան վայրերում։ Եվ ի՜նչ պայծառ էր երկինքը։
-Լոնդո՜նն ալ սիրեց քեզի։ Այսպիսի աշուն չէր եղած…
Սիրելի Քյարոլայն, եղբայրս՝ Հովհաննես, այս քսանմեկ օրերը կյանքիս թանկ հուշերը դարձան…