Նստել ենք նույն դիրքով՝ քարացած։
Չենք հեծում ու չկա արտասուք։
Մեր վառած մոմն է լոկ մեր դիմաց
առկայծում, արտասվում կամացուկ։
Վառվում է պատրույգը ծուլորեն,
աննկատ այրում է ինքն իրեն,
այրում իր հագուստը մոմեղեն,
ու բոցը դողում է, բեկբեկվում
նկարը ամփոփող ապակում…
Ես ու դու տրվել ենք մտքերին։
Չենք խոսում։ Նայում ենք լուսեղեն
պատկերին։ Խորհում ենք։ Սակայն ի՞նչ։
Չգիտեմ։ Չգիտես։ Լռություն,
որ կրծում, տանջում է ինձ ու քեզ…
-Պատերազմ,-մրմնջում ես հանկարծ։
Խենթացա՞վ, խորհում եմ սարսափած։
Խզվում է կարծեցյալ անդորրը
սենյակի։ Աչքերիդ եմ նայում,
տեսնում եմ անկենդան ապակի…
Ի՞նչ է սա։ Անցողի՞կ թուլություն,
թե՞ տխուր վերջաբան՝ պարտություն։
Հոգիս ինձ ուժ տալիս, մտքերիս
տալիս է ուղղություն, գտնում եմ
ճիշտ բառը, ասում եմ՝ հաշտություն։
Ասածիս անտարբեր մրմնջում,
ասում ես երկու բառ՝ ցուրտ-ձմեռ։
Օ՜, քույր իմ, հոգուդ պես հոգիս էլ
ձյունում է ու մրսում, պատերազմ
ու ձմեռ կա նաև իմ ներսում…
Բայց պետք է դիմացկուն լինեմ ես,
ամոքեմ ինձ ու քեզ, ասում եմ՝
նայի՜ր, տե՜ս, ի՜նչ գարուն է դրսում։
Օ՜, գիտեմ, հնչում եմ անհեթեթ,
զի դու խուլ մի հոգոց ես հանում,
ու հոգիդ, հոգի՜դ է դուրս գալիս
խոսքիդ հետ, մրմնջում, ասում ես՝
գարունը ծաղիկներ չի՜ տանում…
Գարունը համարում դավաճան
ու քոնը համառում, կրկնում ես՝
պարտություն, ցուրտ-ձմեռ, վերջ, վախճան…
Ծնունդ եմ մրմնջում խոսքիդ ի պատասխան…
Խոսում ես ինքդ քեզ՝ի՞նչ ծնունդ, ի՞նչ գարուն…
թե կյանքը անիմաստ է այսպես, էլ ինչպե՞ս
հավատալ գեղեցկին ու բարուն։
Չգիտեմ ավելի ինքս ի՞նձ, թե՞ քեզ եմ
համոզում, ասում եմ՝ ժամանակ։
Չես խոսում: Նկարին ես նայում
սառույցե աչքերով շարունակ,
ու ես չեմ հասկանում՝ լսու՞մ ես
իմ ձայնը և արդյո՞ք ասածիս
խորհուրդը ընդունում, գուցե քեզ
թվում է՝ այդ ե՜ս եմ խենթանում…
Սենյակում տիրում է լռություն,
որ պրկում, բզկըտում է անտես,
բայց որքան, ա՜խ, որքան լուռ մնանք,
ո՞վ պիտի ամոքի ինձ ու քեզ,՛
օ՜, քույր իմ, որպեսզի այս ցավին
դիմանաք, եկ, նստենք ու խոսենք
ճիշտ ինչպես հրճվանքով անպատում
լուսեղեն երազներ են պատմում,
թե աղջիկ ունեինք, Մարգարիտ
մի ճերմակ, և հիմա՝ երկնքում
բընակվող մի հրեշտակ, որ այնտեղ՝
վերերում թևածում, երկնքի՜ց
է հիմա իր լույսը արտածում…
Եկ, նստենք և առանց կոծունքի
աղոթենք ա՜յդ լույսին մոգական,
երկինքը պետք չունի արցունքի,
սաղմոսի՜ պետք ունի անպայման…
Լուռ ծխանք մեր խունկը, մոմերը
վառ պահենք, թող միայն մոմերը
արտասվեն, հեկեկան, մենք հուշիկ
աղոթքներ առաքենք, որ չեղծվի
անդորրը սուրբ հոգու ու իր տան…
05-01-05