Անցած-գնացած իմ մանկությունը
թե չպահեր լույս հիշողությունը,
տխուր ափսոսանք պատճառեր միայն,
աշխարհս պարապ կդառնար համայն…
Ափսոսանք չունեմ, ես ունեմ կարոտ,
որ զարթնում ինձ հետ ամեն առավոտ,
ամեն առավոտ փնտրում է կրկին
մանուկ օրերի հեքիաթը անգին…
Հիմա, երբ անցնող ամեն օրը ինձ
աշնան մի դեղին տերև է բերում,
ես հասկանում եմ՝ ինչու եմ նորից
ծաղկած բալենու ծառ մտաբերում։
Ու երբ բալենին ճերմակ հարսի պես
իր նազանքների խունկն է բուրվառում,
հասկանում եմ, թե այդ ինչու եմ ես
իմ աշնան այգում գարուն նկարում։
Գարուն, որ պատմի անցած օրերի
լուսե հեքիաթը փոքրիկ աղջկա,
որ մանկությանս համը ետ բերի
և խնկաբույրը, որ կա… ու չկա…
Որ Աստվածամորն այնքա՜ն նմանող
կնոջ կարոտը մեղմի իմ սրտում,
որ մայր ու դուստըր շղթան լըմանող
հուշը չմրսի օրերիս ցրտում…
Որ վերընձյուղվի իմ այգին նորից,
որ ծառերի տակ խաղամ ու վազեմ,
արբենամ նորից ու ծաղիկներից
անհավանական հեքիաթներ հյուսեմ…
Անտեսանելի իմ ապարանքով
նորից հիանամ, ևս մեկ անգամ,
միամիտ սուտիս անուշ պատրանքով
նորից խենթանամ, ոչի՜նչ, թող խնդա՜ն…
Թող չհավատա՜ն, թող փչա՜ն կոչեն,
իրենց ասածից ես չեմ վշտանա,
միայն երազիս մո՜մը չըփչեն,
որ ծերանալը մի քիչ հեշտանա…
Քանզի մանկության խոլ պատրանքները,
անտեսանելի ապարանքները
տարիքը եթե փշրեր-փլուզեր,
սիրտը ոչ թե կյանք, մահ պիտի ուզեր…
* * *
…Անցած-գնացած իմ մանկությունը
պահպանել է իր հիշողությունը,
ու երբ աշունս թախիծ է բերում,
հին հեքիաթներս եմ ես մտաբերում…
06-22-05