ԻՄ ԱՌԱՍՊԵԼԸ

 

 

Մի կյանք ու բազում հարցեր վիճելի,
խելքին զոռ տալը չի շարժում քարը,
հաճախ խենթությամբ ու ծիծաղով լի
խոսքն է փրկության ամոքիչ ճարը…
Մեր առաջացման հարցը, օրինակ,
որ կապկի հետ են առնչում-լուծում,
ես էլ չփորձե՞մ որպես մի կատակ,
իբրև՝ ծիծաղին իմ պարտքն եմ մուծում…

Զի իմը հարց է, ոչ թե առասպել,
գուցե նախ կրկնե՞մ ասվածը նորից,
թե այս աշխարհի տերը գերհզոր
առաջացել էր իբրև կապիկից,
ապա հարցեր տամ՝ կապիկը մի օր
հոգնե՞ց կախվելուց այս ու այն ծառից,
բարձրացավ երրորդ-չորրորդ թաթերին
ու զույգ թև՞ դարձան երկուսն առաջին…

Հենց որ այս դիրքից նայեց երկնքին,
նոր աշխա՞րհ գտավ իր գիտցածից վեր,
որոշեց փոխե՞լ կեցվածքը նախկին,
որ կյանքը լիներ նորոգ ու տարբե՞ր,
ուղեղն աշխատեր ինքնաբերաբա՞ր,
ու այնուհետև ապրեր մարդաբա՞ր…
դե՜, կարևոր չէր` բարեբախտաբա՞ր
կլիներ արդյոք, թե՞ դժբախտաբար…

Իսկ ծեր վիրաբույժ ժամանակը դեռ
չափել-ձևելու շա՜տ գործեր ուներ,
պիտի նորոգեր անտաշ մասերը,
վերացներ պոչն ու մարմնի մազերը,
դեմքի գծերը փոխեր լիովին,
որ մարդանման դառնար հիմնովին…
Ուստի կապիկը վերջնականապես
մարդացա՞վ արդյոք… դեռ հարց է կարծես…

Առասպել չեղա՞վ… Եղա՜վ… Ու շատ էլ
ուրախ առասպել, մի բան էլ՝ ավել…

Բայց ինչի՞ս էր պետք այս առասպելը:
Խնդալու՞ համար… Իսկ արտասվե՞լը…
Հարց, որ միշտ տանջել ու տանջում է դեռ,
լուծումը չկա երկա՜ր տարիներ…
Ապրու՞մ ենք արդյոք մենք մարդավարի,
գուցե այսպե ՞ս էր բանը աշխարհի
առաջին օրից, ու հար՝ դարեդար,
շարունակվռւմ է անհրաժեշտաբա՞ր…
09-23-2002