-Դու չե՞ս ձանձրանում մենակությունից,-
հարցըրել են ինձ մի քանի անգամ
և հավանաբար ինչ-որ պատասխան
կամ վերաբերմունք ակնկալելով՝
հիասթափվել են իմ լռությունից։
Քանի անգամներ թողել, հեռացել,
հաճախ էլ խուլ ու համր եմ ձևացել՝
չեմ պատասխանել։ Լուռ եմ մնացել,
քանզի խորհել եմ ես ամեն անգամ՝
եթե ծիծաղեմ, պիտի զարմանան,
պիտի ծիծաղեն, եթե զայրանամ։
Իսկ ընդհանրապես, և մեր մեջ ասած,
ես ձանձրանում եմ տափակ հարցերից,
սրանց հեղինակ տափակ անձերից,
ինքնանպատակ և անբովանդակ,
վրան ու տակը բաց կատակներից,
սրանց հեղինակ խեղկատակներից։
Նրանք ցնծու՜մ են։ Իսկ իմ մեջ քանի,՜
քանի՜ ինչու են տխրում ու լալիս…
Ու մինչ կարծում են, մինչ համոզվա՜ծ են,
թե ծիծաղից են արցունքներ գալիս,
այ, հենց այդ պահի՜ն ես անջատվում եմ
ինձ շրջապատող «երանությունից»,
առանձնանում եմ իմ մտքերի հետ։
Բայց սա արդար չէ։ Արժե մեկ անգամ,
գոնե մե՜կ անգամ բացատրել նրանց,
թե ներկա-անցյալ խրձերով կիտված՝
չմոռացվելիք և չմոռացված
ի՜նչ ինչուներ են բնակվում մտքիս
ու նաև հոգուս լույս անկյուններում,
թե մենությունից ես չե՜մ ձանձրանում,
զի ամեն գիշեր, երբ փողոցների
մութն է թանձրանում, իմ ինչուների
հետ առանձնանում, զըրույց եմ անում…
Զրու՞յց։ Ի՜նչ զրույց… Նրա՜նք են խոսում…
Իսկ ես գլխահակ նստում եմ, լսում,
լսում զարմացած ու միտք եմ անում՝
ախր ես հիմա ի՞նչ ասեմ սրանց։
Քունըս չի տանում, մինչև չեմ գտնում
գոնե մի քանի հարմար պատասխան,
որպեսզի գոնե մի քանի ինչու
լըռեն-հաշտըվեն, թողնեն-հեռանան,
որպեսզի ես էլ անկողին գնամ…
Սակայն ապարդյուն։ Չկա՜ ազատում։
Ծիծաղեմ թե լամ, տխրեմ թե ցնծամ՝
ինչուները միշտ կողքի՜ս են, միշտ կա՜ն…
մենակ չե՜ն թողնում… Ես չե՜մ ձանձրանում։
Ցերեկով նրանք հանգիստ են, խաղա՜ղ,
ցերեկով նրանք չեն խանգարում ինձ։
Գիշե՜րն են սիրում հոգուս հետ խաղալ,
երբեմըն՝ հանել համբերությունից։
Ի՜նչ խորամանկ են։ Ըսպասում են լուռ,
մինչև կփակվեն պատուհան ու դուռ,
մինչև կմարեն լույսերը հերթով,
ու ծղրիդների հոգեթով երգով
հագեցած մութը կըսողոսկա տուն՝
թըմբիր կբերի ու անուշ մի քուն…
Այ, հենց ա՜յդ պահից ինչուները ինձ
խմբով հյուր գալիս, հանգիստ չեն տալիս։
Դիմացս շարվու՜մ, աչքերիս նայու՜մ,
մեկն աղերսում է, մյուսը՝ հրամայում,
մտքովս չանցած հարցեր են տալիս,
քունս փախչում է, էլ մոտ չի գալիս։
Պատահում է, որ արթուն եմ մնում
բազմոցիս նստած մինչև առավոտ,
և ինչուների գերին է դառնում
խոնջած գլուխըս՝ հանգըստի կարոտ։
Ախր նրանցից ոմանք համառ են
և խիստ հիշաչար։ Պատասխաններ են
ուզում անպատճառ։ Ճիշտ տարիքն առած
աղջիկների պես դժվարահաճ են,
ազատում չկա՝ ինչ էլ որ անես։
Սրանք գալիս են մթի՜ն անցյալից,
հի՜ն, նախնադարյան վեճեր են պեղում,
գլխիս հարցերի կարկուտ են տեղում՝
ի՞նչ, ինչու՞, ինչպե՞ս… Ու թեև տարեց,
բայց նմանվում են չար երեխայի,
երեխայի պես թե հակառակվեց,
ոչ կհամոզես, ոչ էլ կխաբես։
Փորձում եմ շահել կատակի լեզվով,
ապա կաշառել քաղցր բառերով,
ապարդյուն սակայն։ Ես էլ դիմում եմ
խորամանկության։ Ճիշտ իրենց զենքով,
ճիշտ իրենց նման հարցեր եմ շարում՝
օձիքիցս դուք ինչու՞ եք կառչում,
ի՞նչ եք պահանջում, ինչու՞ եք տանջում,
բա չե՞ք ամաչում… Բայց ու՜մ եմ ասում,
ինչու՜ եմ ասում, լսողը ո՜վ է…
Մինչև լուսաբաց արթուն են պահում,
ինձ հետ հորանջում, բայց չեն նահանջում՝
դեմքիս են նայում լռությամբ համառ,
ոչ մի հույս չկա հաշտության համար։
Պատահում է և ճիշտ հակառակը։
Ինչուներն ու ես բարեկամանում,
հաշտ ու համերաշխ զըրույց ենք անում
մինչև առավոտ՝ քունը մոռացած։
Երիտասա՜րդ են այս ինչուները։
Ճիշտ է՝ դառնացած, կյանքից խռոված,
սակայն դժվար չէ հասկանալ սրանց։
Հետըս չեն կռվում ու չեն հարձակվում,
խոսում են հերթով, խոսում են սրտանց,
երբեմըն նույնիսկ հարցը ինձ ուղղում,
բայց պատասխանը իրենք են գտնում
հենց հարցը տալիս, քանզի խորհում են
ու խորհրդածում հետըս խոսելիս…
Այս զրույցներից ես ոչ հոգնում եմ,
ոչ էլ կշտանում, ճիշտ հակառակը՝
թեթևանում եմ ու թվում է ինձ՝
ապրելն է կարծես մի քիչ հեշտանում։
Ես գործի անցնում ու նրանց համար
իմ պահեստներից փնտրում, գտնում եմ
որովհետևներ, չափու՜մ եմ, ձևու՜մ
և մտածում եմ՝ ո՛ր մեկը որի՛ն
ու ի՛նչ հնարով կարող եմ արդյոք
կապել-շաղկապել, միացնել-կարել,
որ ճի՛շտ ինչուն ու որովհետևը
հանդիպեն միմյանց, իրար ճանաչեն,
էլ ինձ չտանջեն… իրարի՜ց կառչեն…
Ու երբ տեսնում եմ՝ այնքա՜ն են հարմար՝
սազում ու նազում, լրացնու՜մ իրար,
աչքերիս առջև սիրահարվու՜մ են,
համբուրվում երկա՜ր, իրենք համոզվում,
համոզում են ինձ, թե որքան ճի՜շտ էր
իմ ընտրությունը ու որքա՜ն արդար,
ես հասկանում եմ, որ պահն է հասել
իմ վերջին գործը անելու համար…
Էլ չե՜մ համբերում, էլ չեմ հապաղում…
Ես հարսանեկան շորեր եմ բերում
իմ խանութներից այս զույգին հարմար,
ինչպես որ կարգն է՝ երգով-օրհնանքով
նրանց հագցընում, թագ ու պսակով
զուգու՜մ-զարդարու՜մ՝ ա-մուս-նաց-նու՜մ եմ…
Ու ոգևորվա՜ծ, ու ինձանից գո՜հ՝
ես գըրանցում եմ ամուսնությունը
նվաճումներիս հատուկ մատյանում,
որ բարձիս տակ եմ մշտապես պահում,
երջանկություն եմ մաղթում նոր զույգին,
գործըս ավարտում, մատյանըս փակում,
աղոթքս եմ անում, մտնում անկողին։
Չգիտեմ զույգը որտե՞ղ է գնում,
չգիտեմ զույգը որտե՞ղ է քնում,
քնու՞մ է, թե՞ ոչ, դա ո՛չ իմ գործն է
և ո՛չ էլ ձերը… Ես գիտեմ միայն՝
գրկում բարձերը, աչքերս փակում,
խը-ռըմ-փաց-նու՜մ եմ մանուկի նման…
Իսկ առավոտյան… Օ՜, առավոտյան
լույսով երկնառաք, լույսի շողի պես
որպես օրհնություն, նույն իմ մատյանում,
հենց գրանցման տակ, ի վարձատրություն
հայտնվում է նոր բանաստեղծություն…
02-04-04