ԻՄ ՃԵՐՄԱԿ ԹՌՉՈՒՆ

 

 

Զգացի՞ր արդյոք, ինչ բիլ էր ու ջինջ
երկնակամարը այդ առավոտյան,
զգացի՞ր արդյոք, ամեն, ամեն ինչ
եղավ խնդրանքիդ, կամքիդ համաձայն…

Զգացի՞ր արդյոք, մենք՝ սարալանջին,
դու՝ դռների մոտ անսահմանության,
հրաժեշտի մեր անմռունչ կանչին
հավքերը երկնից լոկ վկա եղան…

Զգացի՞ր արդյոք, երեք սև թռչուն
կապույտի միջով հուշիկ թևեցին,
մենք սարի լանջից, նրանք երկնքում
աճյունիդ ամպին լուռ հետևեցին…

Զգացի՞ր արդյոք, չհարցրինք ինչու՞,
ինչու՞ հենց երեք, որտեղի՞ց եկան,
մեզ արգելեցիր, իմ ճերմա՜կ թռչուն,
ու միայն նրանք, նրա՜նք սև հագան…

Զգացի՞ր արդյոք, լուռ աղոթեցին
մեր շրթունքները՝ անխոս, անհնչյուն,
այդ առավոտյան քեզ ուղեկցեցին
ութ կոտրված սիրտ ու երեք թռչուն…

Երկնակամարը խաղաղ էր ու ջինջ,
և առավոտը կապույտ էր այնքան,
հոգուդ խորհու՜րդն էր, քանզի ամեն ինչ
եղավ խնդրանքիդ, կամքիդ համաձայն…
07-01-05