ԻՆՉՊԵՍ ԿԱՄԵՆԱՔ

 

 

Աշունն ինձ՝ հյուրիս, պատիվ է անում։
Հյուրընկալներըս իրար են նայում,
մընում զարմացած՝որտե՞ղ էր լսված,
թե հոկտեմբերի երկինքը ամպ ու
անձրև չըբերի, ժպտա սրտաբաց…

Ես ինքնամոռաց օրե՜րս եմ տոնում,
Ամեն առավոտ խփում եմ փայտին,
որ աչքի չգա բախտըս Լոնդոնում։

…Սենթ Փոլի կողմից Թեմզայի մեջքին
կապած կամրջով եթե քայլեմ աջ,
Թեյթ թանգարանը կգա իմ առաջ։
Բայց դա ուրիշ օր: Ես ձախ եմ անում,
քանզի Գլոբ եմ այս պահին գնում։

Խաղաշրջանի ամենավերջին
ներկայացումն է։ Փորձը փորձանք չէ,
մտածում եմ ես և բախտս եմ փորձում։
Պատկերացնու՞մ եք՝ ամենավերջին
տոմսն է ինձ հասնում… Թու՛, չար սատանա,
ձայնըս չըլսես… Ինքը, հենց ինքը՝
սըր Թոբին տվեց… Տոմսը ինձ հանձնեց,
ասաց՝ նըվեր է քո տարեդարձին…
Մեղա՜ քեզ, Աստված, մեղա՜ քեզ, իմ Տեր,
հարբա՜ծ էր ասես… Այլապես ինչպե՞ս…
Իմ տարեդարձը որտեղի՞ց գիտեր…

Ու մտածում եմ տուն վերադարձին՝
ասե՞մ, թե՞ չասեմ։ Ո՞վ կհավատա։
Հետո ասում եմ՝ չեն հավատալու,
հեչ էլ հավատան։ Հաշիվ չեմ տալու։
Հաշիվ եմ տալիս միայն ինքըս ինձ,
հաշիվըս առնում գրառումների
փոքրիկ օրագրից, որ գնել եմ հենց
այստեղ՝ Լոնդոնում, ինձ հյուրընկալած
քաղաք, ուր հիմա օրերս եմ տոնում։

…Ու մեկեն, ինչպես գլխիդ ջուր լցնեն
քնիդ մեջ հանկարծ, ես վեր եմ թռնում։
Տասներկուերորդ նշումն է արված…
Նշանակում է՝ իմ այցելության
տասներկուերորդ գիշե՞րն է այսօր։
Զուգադիպությու՞ն, թե՞ բախտս է նորից…
Իմ գլխին ասես աստղեր են մաղում
Գլոբ թատրոնի բաց առաստաղից…

Ներկայացումը դեռ չի ըսկըսվել,
ժամանակ ունեմ չորս կողմս դիտել։
Մինչ աչքիս առաջ արտիստներն իրենց
հանդերձանքն ուղղում ու ավարտում են
հարդարանքն իրենց հենց բեմի վրա,
ես՝ բերանըս բաց, նայում եմ նրանց,
բեմից քիչ բարձր փոքրիկ օթյակից
էլիզաբեթյան մեղեդիները
ծորում ֆլեյտայից, լցվում են դահլիճ,
արբեցումն այնպե՜ս մըշուշում է ինձ,
որ կորցընում եմ զգացողությունը
թե՛ ժամանակի, թե՛ տարածության,
անտես անիվը ետ է պըտըտվում
չորս հարյուր տարի… չորս հարյուր անգամ…

Մի՞թե չի փոխվել աշխարհում ոչինչ։
Լոկ հանդերձա՞նքը։ Այսքա՞նը միայն։
-If music be the food of love, play on-
գոչում է դուքսը, երգում է ֆլեյտան,
ներկայացումը կյանքի է կոչվում։
Պճնամոլ դուքսը շարունակում է
պաթետիկ խոսքը, և որով, սակայն,
մատնում է իրեն, քանզի ասում են
նրա բառերը, թե սիրահարված
լինելն է սիրում, ոչ թե սիրելը։
Երաժըշտություն սիրում է, սակայն,
այս սիրահարը ոչ թե մեղեդի,
սնու՜նդ է փնտրում իր անհույս սիրո
ու թախծի համար՝ ժամանակավոր
մխիթարությու՜ն… մինչև հագենա
սուր ախորժակը, քիմքը որոնի
նո՜ր, չճաշակա՜ծ վայելքի հա՜մը…
այս անգամ արդեն մեկ ա՜յլ մեղեդում…

Հապա կոմսուհի՜ն, փակ, անմատչելի,
սևազգեստ, տխո՜ւր այս միանձնուհին՝
վըշտի՜ սիրուհին, որ հոր ու եղբոր
սուգն էր լոկ սիրում, որ երդըվել էր,
թե յոթը տարի չէր հանձնըվելու
ոչ մեկի սիրուն, որ հավատացրել
ու հավատում էր, թե շահել իրեն
իբրև դժվա՜ր էր, տիրելն՝ անհնա՜ր…
բոլորին խաբում ու սև քողի տակ
սուրբ-կույս էր խաղում՝ հիմա եղբո՜րն էլ,
հո՜րն էլ մոռացել, տված երդումը
հիմա ուրացե՜լ, խելքը կորցըրած
սիրահետում է կնամոլ դուքսի
խեղճ մանկլավիկին՝ ծըպտըված մի կույս,
որ, ո՜վ բախտի խաղ, պատգամաբերն է
պճնամոլ դուքսի, ու նաև, ավա՜ղ,
սիրահարն անհույս։ Ինչ եռանկյունի՜։

Հապա պալատի մատակարա՜րը,
հպարտ կոմսուհու մյու՜ս սիրահարը։
Չար լեզուները բամբասում էին,
թե իր կեցվածքը արևի տակ էր
նա միշտ փորձարկում՝ …սեփական շուքով։
Բարեկիրթ մարդ էր այս պուրիտանը,
կարգ ու կանոնի չըձեռնադըրված
խիստ պահապանը, սակայն հնաոճ
ու արդեն ժանգոտ՝ հաճախ դյուրահույզ,
հաճախ էլ փըշոտ։ Իր դոնկիխոտյան
երազանքներին հակամետ այնքա՜ն,
և, հավանաբար, այս իսկ պատճառով
հավակնոտ նույնքա՜ն, նա սովորական
կատակը անգամ ի վիճակի չէր
լսել-հասկանալ, զվարճախոսին
արհամարհում էր, կոչում էր հիմար,
և հիմա ահա սեփական ոտքով
թակարդը ընկած իր հիմարության,
կատա՜կ էր դարձել նա շրջապատում,
զի փառամոլի սին երազներում
իր անձն էր տեսնում հպարտ կոմսուհու
ամուսնու՜ դերում և իր հորինած
այդ ցնորական կերպա՜րն էր սիրում…

Ի՜նչ տխուր կատակ՝ սեր, հույս, երազանք,
ցնորք, խարդավանք… Կատակերգությու՞ն,
թե՞ ողբերգություն։ Ո՜րը կամենաք։

Իսկ խեղկատա՞կը, կամո՜ք ծաղրածու՝
իր գործի՜ բերմամբ ամենքին ծաղրող,
և մյուս ակամա ծաղրածունե՞րը՝
սնափառությամբ անգիտակցաբար
միմոսներ դարձած, ի՞նչ կկամենաք՝
ծիծաղե՞ն, թե՞ լան։ Ծիծաղն ու լացը
համազորը չե՞ն խելագարության…

…Ներկայացումը վաղուց ավարտվել,
շատեր թողել են, վաղուց գնացել,
շատեր էլ ինձ պես չեն ուզում ասես
օրը վերջանա, չեն ուզում թողնել
հրաշք գիշերը՝ տուն վերադառնալ…
Քայլում են դանդաղ Գլոբի կողմից
Թեմզայի մեջքին կապած կամրջով՝
ամեն մեկը իր խոհ ու անուրջով…

Ժամանակը ի՜նչ արագ է սահում,
մտածում եմ ես, և հենց փողոցում,
կամրջին հենված, վերջացող օրվա
մի նոր ափսոսանք իմ այցելության
տասներկուերորդ գիշերին ահա
երկու տող դարձրած՝ տեղավորում եմ
փոքրիկ օրագրում, որ գնել էի
այս մեծ քաղաքում՝ այնքան հանրահայտ
իր մշուշներով ու իր թացությամբ,
քաղաք, որը ինձ մի զարմանալի
սրտաբացությամբ հյուրընկալել է
աշնան օրերին վաղ հոկտեմբերի,
և անձրևի տեղ ու գորշ ամպերի,
շփացնում է ինձ… շող ու արևով։

Ես՝ երախտապարտ իմ ճակատագրին,
ես՝ ինքնամոռաց , օրերս եմ տոնում
ու չեմ մոռանում, օ՜, չեմ մոռանում՝
ամեն առավոտ խփում եմ փայտին,
որ աչքի չգա բախտըս Լոնդոնում…
11-03-13