Ես ժամանակից մեծահոգություն,
տարածությունից փոքրիկ մի անկյուն,
արևածագից լույս ու ջերմություն
և մայրամուտից քիչ հանգստություն
խնդրեցի մի օր իմ կյանքի համար,
երբ… աչքս բացի՝ խելահաս դարձա։
Ջերմեռանդորեն խունկս վառեցի,
ի խորոց սրտի աղոթք արեցի,
հետո հայացքս երկինք հառեցի՝
հույս, հավատ ու սեր Աստծուց խնդրեցի
իմ կյանքի, նաև աշխարհի համար,
երբ… պահը եկավ և հասունացա։
Ու երախտապարտ, որ ապրում եմ, կամ,
աշխարհում ունեմ տուն ու բարեկամ,
աչքս լույս ունի, սիրտս՝ հույս ու սեր
և հոգիս՝ անդորր ցերեկ թե գիշեր,
շնո՜րհ խնդրեցի երգելու համար,
երբ… տարիք անցան և իմաստնացա։
Եվ իմ մայրենի անուշ բառերով,
հույսի, հավատի, սիրո լարերով՝
տարածությունից ու ժամանակից,
արևամուտից, արևածագից
երգեր հյուսեցի ամենքի համար,
երբ… արարելու շնորհը ստացա։
10-10-2002