ԼԵՌԱՆ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄՈՒՄ

 

 

Տրամաբանությամբ կարող ես անշուշտ
ապրել ողջ կյանքում։ Եվ անտարակույս
դա քեզ կփրկի որոշ դավերից,
այսինքն՝ որոշ գլխացավերից…

Բայց չե՞ս ձանձրանա այդ միապաղաղ
ընդարմացումից՝ օրերիդ դանդաղ
այդ մահացումից, ու չե՞ս արթնանա,
թույլ կըտաս կյանքը կողքո՞վդ ընթանա…

Չե՞ս փորձի գոնե, գոնե մե՜կ անգամ,
ի հեճուկս հե՛նց տրամաբանության,
քո երկրորդ եսի կամքին հանձնըվել՝
լեռան հակառակ կողմում հայտնըվել…

Թե՞ քառակուսի տրամաբանությամբ
և վատ թաքցըված չարաբանությամբ
դեմքիս կընետես՝. ինչպե՞ս մագլցեմ,
ես հո քո նման «լեռնագընաց» չե՜մ…

Դու շատ լավ գիտես, թե ով ու ինչ եմ,
բառախաղիդ էլ, իմացի՜ր, դեմ չեմ…
ինձ ծանոթ է քո «հպարտությունը»,
քո այդ թվացյալ անպարտությունը…

Գիտեմ, պաշտում ես քո կաղապարը
ու ատելու ես իմ գաղափարը,
բայց փորձում եմ քո նինջը ընդհատել,
անձկության որջից հոգիդ ազատել…

Գիտեմ, անպայման դեմքըդ կըշրջես
«փուչ երազողից»։ Չէ՞ որ դու լու՜րջ ես՝
դու չես հավատում «դատարկ խոսքերին»,
երբեք չես եղել «երազի գերին»…

Եվ այսպես, հազար պատճառ կփնտրես,
իմը կմերժես, քոնը կպնդես,
կշարունակես քոնը համառել
և իմ երազն ու ինձ արհամահել…

– Բայց ի՞նչ կա այնտեղ, որ այստեղ չկա,
ինչու՞ վտանգեմ հանգիստըս ներկա,-
կըփնթփնթաս  քո՛ տրամաբանությամբ,
կըմխիթարվես անտարբերությամբ…

Իսկ ես անտարբեր աչքերիդ դիմաց
կըքայլեմ դեպի լեռն հանդիպակաց,
խաղաղ կըժպտամ, ևս մեկ անգամ
կըճեղքեմ լեռը՝ այն կողմ կգնամ…
07-07-07